Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը կարևորում է Հայաստանում էկոտուրիզմի զարգացումը

Արծվիկ Մինասյանը կարևորում է Հայաստանում էկոտուրիզմի զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք առաջիկայում նախատեսում է իրականացնել նախարարությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ պետական բյուջեից տրվող գումարները բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի կարգավորել ոլորտում առկա խնդիրները, ուստի նախարարությունը ջանքեր է գործադրում նաև միջազգային կազմակերպություններից դոնորական աջակցություն ստանալու համար: «Մենք ակնկալում ենք դոնարական ծրագրերի թիվը հասցնել 40-ի, այդ թվում՝ նպատակային ուղղվածության:  Մենք նախատեսում ենք պահպանվող տարածքների տնտեսական ներուժը ուժեղացնել: Խոսքը մաքուր, բնապահպանական տեսանկյունից նախընտրելի  տնտեսական ներուժի մասին է, ինչպիսին է էկոտուրիզմը և դրան համարժեք ծառայությունների կազմակերպումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Հաջորդ կարևոր ծառայությունը Մինասյանը համարում է եղած հարստությունների ճիշտ օգտագործումը, ինչպիսիք են բնության հուշարձանները: «Մենք մի շատ կարևոր նախաձեռնություն ենք նախատեսում իրականացնել: Դա մասնավոր հատվածի ներգրավումն է բնապահպանական խնդիրների լուծմանը, թե որպես բիզնես, թե որպես սոցիալական ծրագիր: Մեր նպատակն է բիզնեսին ներգրավել կարևոր պահպանվող տարածքներում, որտեղ կա լավ ենթակառուցվածքներ ձևավորելու անհրաժեշտություն, սակայն չկան դրանք պահպանելու և զարգացնելու համար անհրաժեշտ պետական միջոցներ: Այստեղ մենք ցանկանում ենք որոշակի ժամկետով կառավարումը հանձնելու պայմանով ներգրավել մասնավորին, որը, բնականաբար, կգործի բնապահպանական չափանիշներին համապատասխան: Իսկ պետությունը կունենա վերահսկողական լիազորություն, որպեսզի խախտումներ չլինեն և բարելավումներ լինեն»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը մյուս կարևոր ուղղությունը Վրաստանի և Իրանի հետ տարածաշրջանային ծրագրերի իրականացումն է համարում: Նրա խոսքով՝ դա էականորեն կփոխի հասարակության պատկերացումները շրջակա միջավայրի վերաբերյալ: «Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ զբոսաշրջիկը, ով ազատ գնում է Վրաստան, նույն սխեմայով կարողանա գալ Հայաստան, ծանոթանալ, գումարներ ծախսել, դրանից հետո գնա Իրան ու, այդպես շրջելով, հետ գնա: Բայց նա պետք է ունենա իր համար նախընտրելի հանգստի միջավայր»,-ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ կան շատ ծրագրեր, որոնք նախատեսում են իրականացնել՝ խոստանալով լրագրողներին առանձին հրավիրել և ավելի մանրամասն ծանոթացնել այդ ծրագրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am