Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աղետի գոտում 653 ընտանիք բնակարանային պայմանների բարելավմանն է սպասում

Աղետի գոտում 653 ընտանիք բնակարանային պայմանների բարելավմանն է սպասում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարարության «Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրով» ստացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ է սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը` ներկայացնելով «Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրով» իրականացված աշխատանքները:

-Տիկին Արզումանյան, «Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրով» մինչ օրս քանի՞ ընտանիք է բնակարան ստացել, և դեռ քանի՞սն ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք:

-Նախ ասեմ, որ բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին: Աղետի գոտում իրականացվեց հաշվառում, և սահմանված վերջնաժամկետում հաշվառման վերցվեցին մոտ 7 հազար ընտանիք: Նրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի մոտ 110 բնակավայրերի բնակիչներ էին: Նշված 7 հազար ընտանիքից ծրագրի  չափանիշներին համապատասխանում էր 5 400-ը: 2009-2013 թվականներին լուծվել  է մոտ 4 200 ընտանիքի բնակարանային խնդիր: 2014-ից մինչ օրս կատարած աշխատանքների շրջանակներում 553 ընտանիք բարելավեց իր բնակարանային պայմանները: Արդյունքում` մնաց 653 ընտանիքի բնակարանային խնդիր: Արդեն այս հարցը նախատեսել ենք 2017 թվականի բյուջեի հայտում: Ծրագրի ավարտը նախատեսված է 2017 թվականի վերջին:

-Կա՞ն, արդյոք, վիճակագրական տվյալներ տնակային պայմաններում ապրող այն ընտանիքների մասին, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել ծրագրից: Պատկերացում ունե՞ք  ինչ թվի մասին է խոսքը:

-Տնակային տնտեսություններում ապրող ընտանիքներին կարելի է բաժանել երկու խմբի: Մի մասն այն խումբն է, որը չի համապատասխանել մեր ծրագրի չափանիշներին: Նրանք 1000-ից ավելի ընտանիքներն են, մնացածը ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներն են:

Տնակային պայմաններում ապրող, բայց պետական ծրագրում չընդգրկված ընտանիքների շրջանում հաշվառում չի իրականցվել, բայց համայնքներից ստացված մոտավոր տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, մոտ 5 հազար ընտանիքի մասին է խոսքը: Նրանց մեծ մասը ոչ աղետի հետևանքով անօթևան մնացածներն են:

-Ասացիք, որ հաշվառում չեք իրականացրել, դա ենթադրո՞ւմ է, որ այդ ընտանիքներին աջակցելու հարցով քննարկումներ չեն անցկացվել:

-Ընդհանուր առմամբ քննարկումներ չկան, սակայն միանշանակ այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցի մասին պետությունը գիտի, քաջատեղյակ է, պարբերաբար այդ հարցերը բարձրացվում են: Եթե հնարավոր լինի անդրադառնալ, ապա դա կլինի այս ծրագրի ավարտից հետո, բայց պետությունը դիտարկում է նաև այնպես, որ այդ ընտանիքների բնակարանային խնդիրները դիտարկվեն համայնքների զարգացման ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդի համատեքստում:

-Պետական ծրագիրն իրականացնելիս ի՞նչ խնդիրների եք բախվել: Եղե՞լ են դեպքեր, որ կարիքավորները հրաժարվել են բնակարանից:

-Խնդիրը դժվար կարողանամ որակել, բայց աղետից շատ տարիներ անցնելու պատճառով ծրագրի կարգը որակվում է հնացած: Եթե գիտեք, բնակարանը հատկացվում է կորցրածի չափով: Ընտանիքները մեծացել են, բայց կորցրածի չափով է բնակարան տրվում, դա է եղել որոշ մարդկանց դժգոհության առիթը: Բնակարանից հրաժարվելու դեպքեր գրեթե չեն եղել, եզակի դեպք կարող է եղած լինել: Ընտանիքներ կան, որոնք դեռ կշարունակեն ապրել տնակում ոչ թե դժգոհության պատճառով, այլ այն, որ մինչ բնակարան ստանալն ապրում էին երկու տնակում, իսկ հիմա ստացել են բնակարան կորցրածի չափով, որը տարածքի առումով չի բավականացնում, ընտանիքի անդամների թիվը մեծ է:

-Պետական ծրագրերին զուգահեռ  նաև իրականցվում են տարբեր բարեգործական ծրագրեր` ուղղված անօթևանների բնակարանային պայմանների բարելավմանը: Դրանք որքանո՞վ են ուղղորդվում: Եղե՞լ է դեպք, որ պետական ծրագրի շահառուներից են ներառվել բարեգործական ծրագրերում:

-Քանի որ պետությունը ոչ աղետի հետևանքով մնացած ընտանիքիների նկատմամբ պարտավորություն չունի, միանշանակ ողջունելի է, որ բարեգործական ծրագրերն ուղղվեն հենց այդ ընտանիքներին: Նրանք, ովքեր ներառված են պետական ծրագրում, միևնույն է, բնակարան ստանալու են: Որքան տեղեկացված ենք, հիմնականում ոչ աղետի հետևանքով անօթևան մնացածներն են ընդգրկվում բարեգործական ծրագրերում: Բայց մի դեպք եղավ, երբ Համահայկական հիմնադրամը բնակարաններ բաժանեց, ցուցակները ստացանք ու հասկացանք, որ մի ընտանիք կա, ով պետական ծրագրի շահառու է: Այդ պարագայում համապատասխան փոփոխություն կատարվեց նախարարի հրամանում, նա հանվեց պետական աջակցության ծրագրից: Լավ կլինի տեղական մարմինները, բարեգործական ծրագրերն ուղղորդեն, որ պետական ծրագրում չընդգրկված անօթևան ընտանիքների թիվը նվազի:

Ի դեպ, այդ բարեգործական ծրագրերը հիմնականում Գյումրիում են իրականացվում, լավ կլիներ, որ Սպիտակը և մյուս քաղաքները նույնպես ընդգրկվեին:

-Ի՞նչ փուլում է բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը:

-Կարևոր մի խնդիր կա հատկացված բնակարանների սեփականշնորհման հետ կապված: Կան մարդիկ, ովքեր  2010-2012 թվականներին ստացել են բնակարաններ և մինչ օրս չեն կնքել նվիրատվության պայմանագրերը: Զարմանալի է, չէ՞. ում խոսեցնես, կասեն պետությունն անուշադրության է մատնել, բաց հիմա բնակարանները ստացել են և չեն գալիս պայմանագրերը կնքելու: Դրա համար պետությունը սահմանել է վերջնաժամկետ` 2016 թվականի դեկտեմբերի 1-ը: Լավ հնարավորություն է կոչ անելու քաղաքացիներին, որ գան և կնքեն պայմանագրերը: 2990 ընտանիքից 2337-ը կնքել են նվիրատվության պայմանագիր, իսկ 22 տոկոսը չի կնքել: Պայմանագրեր չկնքելը քաղաքացիներին հնարավորություն է տալիս որոշ հարցեր շրջանցել: Քանի դեռ չեն գրանցել իրենց անունով, չունեն սեփականության իրավունքով գրանցված գույք, քանի չունեն գրանցված գույք, կարող ե, ասենք, ՊՆ-ից ստանալ ֆինանսական աջակցություն, պետությունից ստանալ նպաստ: Հիմա պետությունը սահմանել է վերջնաժամկետ, չկնքելու դեպքում բնակարանները կհանձնվեն համայնքներին:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am