Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները

«Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ օգոստոսի 26-ին ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սփյուռքը համացանցային հարթակում» խորագրով թեմատիկ նիստը վարում էր ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությունը համացանցի ճամփով» թեմայով զեկուցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության լսատեսողական բաժանմունքի վարիչ Հայր Պետրոս վրդ. Մանվելյանը: Նա ամփոփ ներկայացրեց իրենց կայքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, հոգևոր դաստիարակությանը նպաստող ծրագրերի ու ձեռնարկների արտացոլումը: Պետրոս Մանվելյանը խոսեց Կաթողիկոսության գիտական հարուստ ձեռքբերումների, փորձառության և դրանք զարգացնելու ու տարածելու պատրաստակամության, համացանցում հայկական ներկայությունը աշխուժացնելու և այդ ուղղությամբ տարվող աշխատանքերի մասին: Նա անդրադարձավ Կաթողիկոսարանի և Վեհափառ Հայրապետի կողմից ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած նոր հնարավորությունների գործածության փորձին:

Այնուհետև զեկուցումով հանդես եկավ Զմմառի Մայրավանքի փոխտեսուչ վրդ. Հայր Մաշտոց Զահթերյանը: Ներկայացնելով Զմմառի վանքի համացանցային կառույցը՝ նա անդրադարձավ Հայ Կաթողիկե եկեղեցու պաշտոնական կայքէջին, նրա կառուցվածքին, բաժիններին, կրթական, մշակութային գործունեության, գրադարանային, թանգարանային հարուստ հավաքածուի, ինչպես նաև Սփյուռքում գործող թեմերի ներկայացմանն ու լուսաբանմանը: Զեկուցողը ցավով նշեց, որ Զմմառի միաբանության կայքէջը իսլամիստ ծայրահեղականների կողմից ենթարկվել է հարձակման, այն այս պահին չի գործում, սակայն ակտիվ աշխատանքներ են տարվում հնարավորինս շուտ վերականգնելու ուղղությամբ:

Լիբանանահայ գաղութի, ազգային ինքնության և սոցիալական ցանցերի մասին զեկուցեց Լիբանանի Ազգային Առաջնորդարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու  Րաֆֆի Դեմիրճյանը: Նա հանգամանալից ներկայացրեց լիբանանահայ համայնքի պատմությունը, անդրադարձավ Լիբանանի հոգևոր կենտրոնների դերին, համախմբվածությանը,  Լիբանանում գործող պաշտոնական կայքէջերում դրանց արտացոլմանը:

Խոսելով սոցիալական ցանցերի մասին՝ նա անդրադարձավ դրանց դրական և բացասական կողմերին և սոցիալական ցանցերի նկատմամբ համայնքի վերաբերմունքին: Իր ելույթի վերջում բանախոսն առաջարկեց ստեղծել համահայկական տեղեկատվական ցանց՝ առաջին հերթին համայնքերում, կրթական-դաստիարակչական համակարգում տեղադրել խորհրդատվություն՝ աշակերտներին ծանոթացնելով համացանցի դրական և բացասական կողմերին, կրթկան համակարգի մեջ ներառել  համացանցը օգտագործելու  հանրակրթական ծրագրեր:

Ֆրանսիայի ACAM կայքի գործունեությունը ներկայացրեց Շուշան Փիլիպոսյանը: Նա անդրադարձավ կայքի ստեղծմանը՝ նշելով, որ, չնայած կայքը միայն ֆրանսերենով է գործում, այն լուրջ ուղենշային տվյալներ է հաղորդում ֆրանսահայ համայնքի և Ֆրանսիայում հայկական հարուստ ժառանգության մասին:

«Սոցիալական մեդիայի դերը հայկական սփյուռքի կազմակերպությունների գործունեության ոլորտում»  զեկուցումով հանդես եկավ Հայաստանում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Մարիամ Մարտիրոսյանը: Նա անդրադաձավ Ուկրաինայի հայերի միության ստեղծմանն ու գործունեությանը: Խոսելով սոցիալական  ցանցերի դերի բարձրացման մասին՝ նա նշեց, որ սոցիալական ցանցերը մեծ հնարավորություն են ընձեռում հայեցի բարենպաստ միջավայր ստեղծելու, հակահայկական քարոզչությունը կանխելու, ինչպես նաև հայկական մշակույթն ու արժեքները սոցմեդիայի միջոցով ավելի հասանելի դարձնելու գործում:

Նիստի ավարտից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան, կառուցողական քննարկում, առաջարկվեց ստեղծել համակարգող մարմին, որը կնպաստի ոլորտում իրականացվող աշխատանքների համակարգմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am