Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան». հայ ռեժիսորի վերադարձը Հայաստան կայացավ կինոփառատոնի շրջանակում

«Ոսկե ծիրան». հայ ռեժիսորի վերադարձը Հայաստան կայացավ կինոփառատոնի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը մոտենում է ավարտին: «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի «Կարճամետրաժ ֆիլմեր»-ի անվանակարգում ընդգրկված ֆիլմերից է Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը»:

Սա նրա առաջին մասնակցությունն է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Արմենյանը ծնվել է Լիբանանում, սակայն հետագայում տեղափոխվել է Փարիզ: Ռեժիսորը պատմեց, որ իր ընտանիքի բոլոր անդամները շատ են եկել Հայաստան, բայց վերջին անգամ այստեղ եղել է հինգ տարեկանում: Նա շատ ուրախ է, որ իր ֆիլմով եկել է հայրենիք, թեպետ խոստովանեց, որ հուզվում էր հայտնվել երկրում, որտեղ պաշտոնական լեզուն հայերենն է: Նա բավականին մեծ փորձ ունի փաստագրական ֆիլմերի ասպարեզում:

«Ես ուզում էի նկարահանել ֆիլմ, որն անընդհատ կընդհատվեր «ուրվականներով»` քաղաքական, քաղաքացիական, պատմական կամ ինքնակենսագրական»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մեկնաբանեց ֆիլմի հեղինակը: Նրա խոսքով` ֆիլմում կան տեսարաններ, որոնք բացատրված չեն. նա ցանկացել է, որ հանդիսատեսն իր պատկերացումներով ընկալի դրանք:

«Ես չեմ սիրում կոնկրետ ասելիք ունեցող ֆիլմեր: Կինոն աշխարհ է, և ես ուզում էի ստեղծել աշխարհ, որ շատ ասելիք ունի»,- հավելեց Արմենյանը: Ֆիլմի կարևոր ասելիքներից մեկը մարդու ու կենդանու միջև կապվածությունն է, երկրորդ` հերոսի տարվածությունը կենդանիների նկատմամբ. նա անընդհատ կրում է ընձառյուծից հագուստ ու լուսանկարում սատկած կենդանիների: Արմենյանն իր հերոսի միջոցով, որը երկու սիրեցյալի ուներ, ցանկացել է նաև ցույց տալ, որ սերը չունի սահմանափակում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am