Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Մասնագետները Սյունիքում բրուցելյոզի դեմ պայքարի արդյունքում հիվանդության նվազում են արձանագրում

Մասնագետները Սյունիքում բրուցելյոզի դեմ պայքարի արդյունքում հիվանդության նվազում են 
արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Բրուցելյոզի ազգային ծրագրի շրջանակներում պատվաստվել է 80 հազար խոշոր և 160 հազար մանր եղջերավոր կենդանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի համակարգող Զարուհի Բեգլարյանը:

«2013-ից մեկնարկել է ծրագիրը, որպես պիլոտային մարզ ընտրվել է Սյունիքը (նախնական հետազոտությամբ պարզվել էր, որ Սյունիքի մարզում հիվանդության ամենամեծ տարածվածությունն է): Ծրագրի շրջանակներում իրականացրել ենք խոշոր ու մանր եղջերավոր անասունների պատվաստումներ: Մոտ 80 հազար խոշոր և 160 հազար մանր եղջերավոր անասուններ են պատվաստվել: Կատարվել է ինչպես առողջապահական, այնպես էլ անասնաբուժական բլոկների տեխնիկական ու ինստիտուցիոնալ համակարգերի հզորացում, տեխնիկական վերապատրաստում և ծրագրի շրջանակներում նախագծել ենք բրուցելյոզի դեմ պայքարի երկարատև ծրագիր,  որը Հայաստանը պետք է որդեգրի, եթե ուզում է գնալ հիվանդության նվազեցմանը»,-ասաց Զարուհի Բեգլարյանը:

Նա նկատեց, որ բրուցելյոզը տարածված է Միջերկրական ծովի ավազանում, Հայաստանը համարվում է էնդեմիկ տարածաշրջաններից մեկը, որտեղ այն մշտապես առկա է եղել: Խորհրդային միության փլուզումից հետո և համակարգերի փոփոխության հետևանքով տարածվածությունն աճել է: Ներկայում տարվող աշխատանքներն ուղղված են նրան, որ նվազեցվի հիվանդության տարածվածությունն ու հնարավոր լինի գնալ դրա ի սպառ վերացմանը: Զարգացած երկրներում էլ այս հիվանդությունը կա, պարզապես նրանք ավելի կառավարելի են այն դարձնում:

Երևանում անցկացվում է «Բրուցելյոզի կառավարման արդիական խնդիրները Հայաստանում և Վրաստանում. միջսահմանային համագործակցություն» թեմայով աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդի ազգային գործակալության, ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի, Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության և Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության շուրջ 45 բարձրաստիճան ներկայացուցիչներ, այլ փորձագետներ:

Զարուհի Բեգլարյանի խոսքով` ծրագրի շրջանակներում համագործակցել են մի շարք առաջատար երկրների (Իսպանիա, Հունաստան) մասնագետների հետ` փորձելով բոլոր երկրների լավագույն փորձը կիրառել Հայաստանում ու մի շարք նորարարական ծրագրեր իրականացրել: ՊԳԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ չնայած ծրագիրը դեռ չի ավարտվել, բայց ընթացիկ մոնիտորինգ են իրականացրել` հասկանալու, թե ինչքանով են պակասել բրուցելյոզի դեպքերը Սյունիքում: «Ունենք նախնական տվյալներ և` անասնաբույժների և առողջապահության համակարգի ներկայացուցիչների արձագանքը, որ բավականին նվազել է հիվանդությունը, բայց քանի որ պաշտոնապես ամփոփված չէ, ես չէի ցանկանա թվեր հրապարակել»,-հայտնեց ծրագրի համակարգողը:

Զարուհի Բեգլարյանը նշեց, որ ՊԳԿ-ի առաջարկն է պատվաստման փորձը կիրառել Հայաստանի ամբողջ տարածքում: «Իրականացրել ենք ֆինանսական հաշվարկները ու տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերելու, եթե կառավարությունը որոշի գնալ այդ ճանապարհով: Մենք մի քանի սցենարներ ենք  մտածել, նվազագույնն անհրաժեշտ է տարեկան 2 միլիոն դոլար հանրապետության ողջ տարածքում պատվաստումներ իրականացնելու համար»,-ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա Զարուհի Բեգլարյանի տեղեկացմամբ` այն իրականացվում է նաև դոնորների կողմից, պարզապես դեռ այդ հարցերը չենք քննարկվել: «Երբ երկիրը որոշի, որ դա իր ուղին է, հնարավոր կլինի այդ հարցերը քննարկել: Դժվար է ասել, թե որքան ժամանակ հետո հիվանդությունը կվերանա: Շատ երկրներ տասը տարի իրականացնում են, նվազել է, բայց դժվար է ասել, որ լիովին վերացել է»,-եզրափակեց Զարուհի Բեգլարյանը:

«Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից և իրականացվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Ռազմավարական զարգացման գործակալության կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն 724 հազար 324 ԱՄՆ դոլար է: Ծրագրի անմիջական շահառուներն են ֆերմերներն ու Սյունիքի գյուղական համայնքների բնակչությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ