Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երբ լրագրողը դառնում է նախագահ. «Առաջին դեմք» ֆիլմը հայկական կինովարձույթում է

Երբ լրագրողը դառնում է նախագահ. «Առաջին դեմք»  ֆիլմը հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զվարճալի ու հետաքրքիր կինոնկար այն մասին, թե ինչպես է լրագրողը դառնում է նախագահ և փորձում լուծել իր ու երկրի առջև ծառացած խնդիրները: «ԿինոՊարկ» կինոթատրոնում ապրիլի 1-ին տեղի ունեցավ ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի նոր`«Առաջին դեմք» կինոկատակերգության պրեմիերան:

«Ռոմանտիկ, արկածային կատակերգություն է, ինչ-որ տեղ քաղաքական է, բայց չէինք ուզում կինոդիտողին ծանրաբեռնել իրական Հայաստանով: Մեր կյանքից զուգահեռներ կգտնեք և նաև չեք գտնի: Ֆիլմի հերոսը մասնագիտությամբ լրագրող է, բայց նրա մոտ ամեն ինչ վատ է ստացվում, նա մեղավոր է համարում բոլորին: Եվ ստացվում է այնպես, որ նա դառնում է առաջին դեմք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց ֆիլմի սցենարիստ, դերասան Նարեկ Մարգարյանը: Նրա խոսքով`ինքը և մյուս սցենարիստը` Սերգեյ Սարգսյանը, կինոնկարի վրա աշխատում են ուղիղ մեկ տարի:

«Շատ երկար գործընթաց էր, շատ լավ թիմ էր աշխատում, բոլորը մեծ աշխատանք են արել»,-շեշտեց Նարեկ Մարգարյանը:

Սցենարիստ, դերասան Սերգեյ Սարգսյանն էլ հույս հայտնեց, որ ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը  դուրս կգա կինոթատրոնից ինչ-որ լավ բան անելու ցանկությամբ:

Ֆիլմի գլխավոր հերոսը` Գրիգորը, կատակասեր երիտասարդ է հրաշալի լրագրող լինելու բոլոր նախադրյալներով, սակայն կա մի խնդիր՝ մեր հերոսը ամեն ինչում միշտ մեղադրում է ուրիշներին, հանգամանքներին, «վերևներին»՝ խուսափելով ցանկացած պատասխանատվությունից։ Ամեն ինչ փոխվում է, երբ մի օր նա արթնանում է Հայաստանի նախագահի պաշտոնում և ստանում ամեն ինչ իր ուզածով փոխելու հնարավորություն: Ամենաանհավանական որոշումներ կայացնելուց և խենթ գաղափարներ իրագործելուց բացի՝ Գրիգորը պետք է կրկին գրավի սիրելիի սիրտը և բացահայտի սարսափելի դավադրություն։

Երգիչ և դերասան Արամ MP3-ն «Առաջին դեմք» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին`Գրիգորին: «Վերջում հերոսը հասկանում է, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր աշխատանքով: Այսինքն` անի այն, ինչ կարող է»,-համոզված է Արամ MP3-ը, ով չնայած առաջին անգամ է խաղում կինոյում, սակայն ապացուցում է, որ լավ երգիչ ու հումորիստ լինելուց բացի նաև լավ դերասան է:

Դերասանուհի Աննա Գրիգորյան էլ կինոնկարում մարմնավորել է Գրիգորի սիրելիին:

«Ֆիլմը դիտելուց հետո շատ տղամարդիկ կհասկանան, որ կնոջը քիչ բան է պետք, որպեսզի նրա հետ անկեղծ լինեն և չխաբեն: Սերը ամենակարևորն է: Պետք է պայքարել և անպայման հասնել սիրելի էակին»,-նշեց նա`շնորհակալություն հայտնելով ռեժիսորին`իրենց բոլորին հավատալու համար:  

Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի «Առաջին դեմք» կինոկատակերգությունում խաղում են նաև Դավիթ Թադևոսյանը, Արա Դեղտրիկյանը, Սաթի Ջանիբեկյանը, Նարեկ Մարգարյանը, Սերգեյ Սարգսյանը և այլք: Ֆիլմը փաստում է, որ լրագրողական հետաքննությունը շատ բան կարող է փոխել: Այն նաև շեշտադրում է կատարում այն փաստին, որ քաղաքացիական հասարակությունը կարող է մարդկային կյանքերն ավելի լավը դարձնել և փոխել ամեն ինչ`հանուն առավել նպաստավոր կյանքի ու ապագայի:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am