Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

Սպասվող լրահոս. 04.03.2016

Սպասվող լրահոս. 04.03.2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

ԱԺ սոցիալական հարցերի, ինչպես նաև Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ: Առիթը «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիր»-ն է ու դրա իրականացումն ապահովող միջոցառումները: Նախատեսվում է քննարկել նաեւ մայրությանը եւ բազմազավակությանը վերաբերող հարցեր:

Հետընտրական քննարկումներ Իրանում անցկացված խորհրդարանական ընտրությունների թեմայով: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը, պատմական գիտությունների թեկնածու Նազելի Նավասարդյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Իսրայելյանն են ամփոփելու Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 26-ին կայացած ընտրական գործընթացները:

Հրապարակվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մանրամասն կանդրադառնա փոփոխված դրույթներին: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ կներկայացնի իր դիտարկումները, ինչպես նաև կանդրադառնա ներքաղաքական զարգացումներին:

Լրագրողների հետ պատրաստվում են հանդիպել «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները։ Ինչպիսին է ՀՀ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու լիցենզավորման գործընթացը 1 տարի անց. կողմերի իրականացրած գործողությունները, լուծված և չլուծված խնդիրներն ու ԱՊՊԱ համակարգում առաջարկվող փոփոխություննրը: Այս և այլ հարցերին կանդրադառնան «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ Արսեն Պետրոսյանը, Արթուր Կռոյան և Արտակ Պետրոսյանը:

Տնտեսական տարվա մեկնարկին, հիմնական սպասելիքներին, ֆինանսների կառավարման ոլորտի կառուցվածքային փոփոխություններին է պատրաստվում անդրադառնալ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Իսկ Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը կխոսի Հարկային օրենսգրքի փոփոխություններից:

Որո՞նք են երեխաներին առնչվող թեմաների լուսաբանման առանձնահատկությունները, երեխային չվնասելու հիմնարար սկզբունքները: Որքանո՞վ են այդ մոտեցումները պահպանվում հայաստանյան լրատվամիջոցներում: Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը, նույն ցանցի ներկայացուցիչներ Քնարիկ Գարանֆիլյանն ու Արշակ Գասպարյանը կանդրադառնան վերոնշյալ հարցերին:

Շուտով Երեւանի մնջախաղի պետական թատրոնի նոր խաղաշրջանի բացումն է: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանն է մանրամասներ ներկայացնելու նոր խաղաշրջանի մասին: Նա կխոսի նաև Լ. Ենգիբարյանի անվան Մնջախաղի 5-րդ միջազգային փառատոնի նախապատրաստական աշխատանքների և «Ոսկե լուսան» միջազգային փառատոնում գրանցված վերջին հաջողությունների մասին:

ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ անցկացվում է «21-րդ դար» գրական մրցանակաբաշխությունը:

Կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը, Հայաստանի գրողների միությունը: Մրցանակաբաշխության գերխնդիրն է խթանել ժամանակակից հայ արձակն ու գրողին ստեղծագործական նոր լիցք հաղորդել:

Ընթերցասերներին կներկայացվեն նոր գրքեր: Սպասվում է բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է հունահայ թեմի առաջնորդ Խորեն Դողրամաթյանին: Կայանալու է նաև Գրող Ռեգինա Ամատունու «Ես եմ», «Կեր եւ Աստրամ» գրքերի շնորհանդեսը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]