ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ՀՀ ԱԳՆ-ում ընդունել է գերմանական «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» պատվիրակությանը, որը գլխավորում էր հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար դոկտոր Ռայնհարդ Քրումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Հարավային Կովկասում հիմնադրամի գործունեության 20-ամյակը` ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կազմակերպության գործունեությունը, որը նպատակաուղղված է տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության և սոցիալական հավասարության խթանմանը` քաղաքական երկխոսության, կրթության և ուսումնասիրությունների միջոցով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային համագործակցության առնչությամբ, անդրադարձել ինտեգրացիոն տարբեր գործընթացների, ինչպես նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների հեռանկարներին:
Ռայնհարդ Քրումի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերն ու դրանց հակադրվելու նպատակով շփման գծի ու սահմանային շրջաններում ադրբեջանական կողմի շարունակվող սադրիչ գործողությունների հետևանքները բանակցային գործընթացի վրա:
Հանդիպմանը հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում իրենց գործունեության տարբեր ասպեկտներին և առաջիկա ծրագրերին:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը շահույթ չհետապնդող գերմանական քաղաքական հիմնադրամ է, որի գործունեության առանցքում սոցիալական ժողովրդավարության սկզբունքներն են: Այն հիմնվել է 1925թ. և կրում է ժողովրդավարական հիմունքներով ընտրված Գերմանիայի առաջին նախագահի` Ֆրիդրիխ Էբերտի անունը: Հիմնադրամի կենտրոնական գրասենյակները գտնվում են Բեռլինում և Բոննում, մասնաճյուղեր կան աշխարհի շուրջ 90 երկրներում: