Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

ՀԱՊԿ երկրների պատասխանատուները քննարկել են հակաթմրամիջոցային գործողությունների կենտրոնի ստեղծման հարցը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 17-րդ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նիստը նախագահել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:

Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր թմրամիջոցների վերահսկողության պետական ծառայության, Տաջիկստանի Հանրապետության Նախագահին առընթեր թմրամիջոցների վերահսկողության գործակալության, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները:

Նիստի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և, կարևորելով համագործակցության նշանակությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ առանձնակի ընդգծել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերը, որը հսկայական նշանակություն ունի հակաթմրամիջոցային պայքարի համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցների մշակման ու իրականացման գործում:

Հաշվի առնելով կուտակված փորձը՝ անհրաժեշտ է շարունակել թմրարտադրության հակազդմանը, թմրամիջոցների տեղաշարժի ուղիների հայտնաբերմանն ու կասեցմանը ուղղված համատեղ հակաթմրամիջոցային միջոցառումների իրականացման պրակտիկան: ՀԱՊԿ  անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի ջանքերով ձևավորվել է բազմակողմ հիմքի վրա միջազգային համագործակցության մեխանիզմ,  ձեռք է բերվել փոխըմբռնում պետությունների իրավասու մարմինների և դրանց շահագրգիռ գերատեսչությունների միջև:

Համոզված եմ, որ այսօրվա նիստը զգալի ներդրում կունենա թմրահանցավորության դեմ պայքարի ընդհանուր գործում, ինչպես և նոր լիցք կհաղորդի ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմինների համագործակցությանը»:

Այնուհետև ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:

Նիստի օրակարգում ներառված են եղել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման և համակարգող խորհրդի գործառութային ոլորտի մի շարք խնդիրներ: Մասնավորապես, ներկայացվել է 2015թ. երկրորդ կիսամյակում թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունը, քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաթմրամիջոցային գերատեսչությունների իրավասու մարմինների ղեկավարների հաշվետվությունները նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին՝ Աֆղանստանի տարածքից եկող համաշխարհային թմրասպառնալիքի դեմ պայքարում փոխգործակցության միասնական դիրքորոշում մշակելու վերաբերյալ առաջարկներով, առաջարկներ են արվել Համակարգող խորհրդի գիտախորհրդատվական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, Համակարգող խորհրդի նախագահի նախագահի զեկուցման նյութերի և առաջարկների հիման վրա դիտարկվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների միասնական դիրքորոշման ձևավորման հարցը՝ 2016 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ թմրամիջոցների համաշխարհային հիմնախնդրին նվիրված հատուկ նստաշրջանում ներկայացնելու համար, ներկայացվել են Համակարգող խորհրդի 2016-2017թթ. հիմնական միջոցառումների պլանի նախագիծն ու ՀԱՊԿ հակաթմրամիջոցային գործողությունների կենտրոնի ստեղծման աշխատանքի ընթացքը:

Օրակարգային հարցերի վերաբերյալ պատասխանատուների զեկույցներից և առարկայական ու շահագրգիռ քննարկումից հետո ստորագրվել են ամփոփիչ փաստաթղթերը, ինչին հաջորդել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում լավագույն արդյունքներ արձանագրած իրավապահների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում սպառիչ պատասխաններ են տվել բոլոր հարցերին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ