Փաստ մեկնաբանությամբ

Էրդողանի` Բելգիա այցի ֆիասկոն

4 րոպեի ընթերցում

Էրդողանի` Բելգիա այցի ֆիասկոն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բելգիա տհաճ ու զավեշտալի միջադեպերի շարան էր: Պետական այրերի այցն այս կամ այն երկիր սովորաբար նշանավորվում է քաղաքական կամ տնտեսական կարևոր որոշումներով, հայտարարություններով կամ համաձայնագրերի ստորագրությամբ: Պաշտոնակլան արարողակարգի կանոններով ընդունված այս երևույթը, սակայն, չաշխատեց Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի երկօրյա այցի ժամանակ:

Թեպետ անցնող օրերի ընթացքում Էրդողանը մի շարք հանդիպումներ ունեցավ այնպիսի անձանց հետ, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կամ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, սակայն այս հանդիպումները չունեցան նույն հնչեղությունը, որքան այցի ժամանակ գրանցված տհաճ ու զավեշտալի միջադեպերը:

Բելգիայի ռադիոհեռուստատեսության պաշտոնական կայքը հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ Էրդողանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները երկու անգամ բախում են ունեցել Բելգիայում նրանց տրամադրված անվտանգության աշխատակիցների հետ: Դրանցից մեկի պատճառը եղել է այն, որ անվտանգությունն ապահովող բելգիացի աշխատակիցները ցանկացել էին իրենք ստուգումներ անցկացնել այն ինստիտուտում, որտեղ պետք է ավելի ուշ ելույթ ունենար Էրդողանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք տարածքն ավելի լավ են ճանաչում: Նշվում է, որ բանը հասել է անգամ հրմշտոցների:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանը ցանկություն էր հայտնել հանդիպել Բելգիայում բնավող թուրքերի հետ՝ խախտելով երկրի նախագահի՝ սահմանադրությամբ ամրագրված չեզոքության սկզբունքը: Սակայն Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել էր սրահ տրամադրել տեղի թուրքական համայնքի հետ Էրդողնաի հանդիպման համար: Բրյուսելի քաղաքապետ Յվան Մայերը հարցի առնչությամբ ասել էր, որ քաղաքապետարանի սրահը նախատեսված չէ քաղաքական ժողովների անցկացման համար:

Հետագայում Էրդողանի անունը սկսեց շոշափվել կապված մի զավեշտալի միջադեպի հետ: Մարտին Շուլցի հետ հանդիպումից հետո անվտանգությունն ապահովող աշխատակիցների ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով Էրդողանը մնաց վերելակում: Պատճառը վերելակի գերծանրաբեռնվածությունն էր, ինչի հետևանքով վերելակի դռները չէին կարողանում փակվել: Դռների փակվելու մի քանի անհաջող փորձերից հետո Էրդողանը թիկնապահներից մեկին էր դիմել՝ բարկացած ասելով. «Թող մեկը դուրս գա»: Արդյունքում, անվտանգության աշխատակիցները ստիպված էին իրենց նախագահին գերբեռնված վերելակով ճանապարհել առանց թիկնազորի:

Էրդողանների՝ Բելգիա կատարած այցի «հնչեղությունը», սակայն, այսքանով չավարտվեց: Այցի վերջում Էրդողանի տիկինը՝ Էմինե Էրդողանը, ով որոշել էր գնումներ կատարել տեղի ամենաշքեղ խանութներում, իր քմահաճույքները բավարարելու համար փակեց հայտնի բուլվարներից մեկը՝ Ավենյու Լուին: Խանութներից մեկը մտնելուց հետո այդտեղ մուտքն այլ անձանց համար արգելվել էր: Նման իրարանցումը, բնականաբար, դժգոհություն էր առաջացրել շատ բելգիացների շրջանում: Տեղական La Capitale թերթն այս առևտրի մասին լուրը հրապարակել էր իր գլխագրում: Հայտնի էր դարձել, որ Էմինե Էրդողանը միայն Longchamp խանութում, որտեղ ամենաէժան պայուսակն արժե 650 եվրո, 1500 եվրոյի գնում էր կատարել:

Արաքս Կասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում