Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

«Առողջ սունկ»-ի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի մեկնաբանությունները

«Առողջ սունկ»-ի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի 
մեկնաբանությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարությունը ամփոփել է «Առողջ սունկ» ՍՊ ընկերության Բյուրեղավանի արտադրամասում շուրջ մեկ շաբաթ իրականացրած հետազոտությունների արդյունքներն ու հանդես է եկել եզրակացությամբ, իսկ ընկերության հումքի արտադրամասի կողմից մթնոլորտային օդի աղտոտման փաստն ուսումնասիրելու նպատակով կազմված մասնագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքը, որի արդյունքները հասանելի կլինեն այս շաբաթվա ավարտին: «Առողջ սունկ» ընկերությունը հայտարարում է, որ դեռևս չի ստացել բնապահպանության նախարարության կողմից առաքված փաստաթղթերը, սակայն լրջորեն ուսումնասիրում է մամուլում դրանց հրապարակված օրինակները:  Ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանի խոսքով` այս պահին էլ արտադրամասում դրված են սարքավորումներ, որոնք չափում են օդում այլ նյութերի պարունակությունը, իսկ ստեղծված հատուկ հանձնաժողովը գործարան է այցելում գրեթե ամենօրյա ռեժիմով:

Հարցմանն ի պատասխան՝ Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը հայտնեց, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ում իրականացվել է ստուգում՝ Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2015թ. հուլիսի 22-ին գրավոր տեղեկատվությամբ պահանջվող հարցերի պարզաբանման նպատակով: «Ստուգումը տևել է հուլիսի 22-30-ը: Լաբորատոր չափագրումների արդյունքում պարզվել է, որ ամիակի միանգամյա արտանետումների չափաքանակները գերազանցում են սահմանային թույլատրելի արտանետումներ (ՍԹԱ) թույլտվությամբ տրված նորմերը, ինչը «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում է: Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի: Խախտվել են նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ըստ որի` նշված գործունեությունը ենթակա է լիցենզավորման: ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության պետի կողմից 2015թ. հուլիսի 30-ին որոշում է ընդունվել «Առողջ սունկ»  ՍՊԸ Բյուրեղավանի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին»,- տեղեկացրեց Արզումանյանը:

Մեր թղթակցի հետ զրույցում ընկերության տնօրենը նշեց, որ իրենք ամենից շատ են շահագրգիռ, որ պարզվի տհաճ հոտի աղբյուրը. «Այժմ էլ արտադրամասի տարածքում տեղադրված չափիչ սարքերն իրականացնում են արտանետման նմուշառում: Հավաստիացնում եմ, որ մեր ընկերությունը բնավ նպատակ չունի վտանգել քաղաքացիների առողջությունը, անհարմարություններ ստեղծել բնակչության համար կամ գարշահոտ տարածել: Այժմ ուսումնասիրում ենք հրապարակված փաստաթղթերը, որոնցից համապատասխան հետևություններ կարվեն»:

Անդրադառնալով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջների վերաբերյալ հարցին, Դավթյանը նշեց, որ թռչնաղբի օգտագործումը լիցենզավորում չի ենթադրում, թե Հայաստանում, թե ԵՄ և ԵԱՏՄ երկրներում, և իր տարակուսանքը հայտնեց որոշման վերաբերյալ` ասելով, որ ընկերությունը պահպանում է էկոլոգիական չափանիշները: «Մենք օգտագործում ենք էկոլոգիապես բացարձակապես անվտանգ ժամանակակից տեխնոլոգիաներ: Արտանետումների անվտանգությունը երաշխավորելու համար արտադրամասում ներդրվել են սնկի կոմպոստի արտադրություններում կիրառվող վերջին սերնդի կենսաֆիլտրեր և հատուկ համակարգ` Եվրոպայի լավագույն մասնագետների մասնակցությամբ»,-ասաց ՍՊԸ տնօրենը: Սուրեն Դավթյանը վստահեցրեց` եթե հետազոտությունները հանգեն այն արդյունքին, որ տհաճ հոտի աղբյուրը արտադրամասն է, ապա անմիջապես կտեղադրվեն լրացուցիչ ֆիլտրեր և կարվեն տեխնոլոգիական թարմացումներ:

Նրա կարծիքով` ամռան շոգ եղանակով պայմանավորված` տարածքում հավանական են գարշահոտի այլ աղբյուրներ, որոնք մեխանիկորեն կապվում են ընկերության հետ: Դավթյանը նշեց. «3 ամիս առաջ ՍՊԸ-ն որոշ ժամանակով դադարեցրել էր արտադրությունը: Այդ դադարի ընթացքում եղավ հոտի բողոք: Մենք ինքներս հրավիրեցինք Բնապահպանության նախարարության աշխատակիցներին, ովքեր գրավոր արձանագրություն կազմեցին առ այն, որ առկա է հոտի խնդիր, սակայն այդ ընթացքում «Առողջ սունկը» չի աշխատել»: 2014թ. Բնապահպանության նախարարության անցկացրած ստուգումից հետո ընկերությունն անխափան աշխատել է մինչև 2015-ի ամառ և հոտի վերաբերյալ որևէ բողոք չի եղել: Սուրեն Դավթյանը կարծում է, որ  անհրաժեշտ է առանձին հետազոտություն անցկացնել բնակչության առողջության վրա եղած ազդեցության մասով, քանի որ այդ ուսումնասիրությունը բազմաթիվ կասկածներ կփարատի: «2014-2015թթ. ձեռնարկությունում մի քանի անգամ ստուգումներ է իրականացրել ՀՀ Առողջապահության նախարարությունը, արտադրամասի աշխատակիցները բուժզննում են անցել, որոնց արդյունքում փաստվել է, որ նրանք առողջական խնդիրներ չունեն, իսկ օդից վերցված նմուշները եղել են նորմայի սահմաններում»:

Իր հերթին, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ, «Առողջ սունկ» ՍՊԸ սնկի հումքի արտադրամասի կողմից մթնոլորտային օդի աղտոտման փաստն ուսումնասիրելու նպատակով կազմված մասնագիտական հանձնաժողովի նախագահ Կամո Թումոյանը նշեց, որ ներկա պահին հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են: «Հանձնաժողովը դիմել է Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ մասնագիտական լաբորատորիաներ հրավիրելու նպատակով: Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հուլիսի 27-ին գործարանի տարածքում տեղադրել է մոնիտորինգի 7 սարքավորում: Աշխատանքները կավարտվեն շաբաթվա վերջին, որի արդյունքների հիման վրա հանձնաժողովը կկարողանա անել եզրակացություն և ներկայացնել առաջարկություններ»,- ասաց Կամո Թումոյանը:

Հանձնաժողովն ունի 14 անդամ՝ ներկայացուցիչներ Բնապահապանության և Առողջապահության նախարարություններից, Բնապահպանության նախարարության մարզային տեսչության պետը, Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաներ, «Առողջ սունկ» ընկերության տնօրենը և 7 բնակիչ: Հանձնաժողովի նախագահը նույնպես նշեց, որ  նմուշառման աշխատանքները այժմ էլ շարունակվում են:

ՀՀ Բնապահպանության նախարարությունը տեղեկացրեց նաև, որ «Առողջ սունկ»  ՍՊԸ-ում առաջին անգամ ծրագրային ստուգում իրականացրել է 2014թ. հուլիսի 21-ից  օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում` ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից տրված թիվ 000101 հանձնարարագրի հիման վրա: Ստուգման արդյունքում  պարզվել էր, որ խախտվել էին «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի և «Ջրային օրենսգրքի» 21-րդ հոդվածի պահանջները: Տրվել էր նաև հանձնարարական` կոմպոստի արտադրությունից առաջացող գարշահոտությունը վերացնելու նպատակով կատարել անհրաժեշտ աշխատանքներ` համաձայն ընկերության տնօրենի կողմից  կազմված միջոցառումների ծրագիր- ժամանակացույցի (2 ամիս ժամկետով): Ստուգման արդյունքում նաև հանձնարարական էր տրվել գարշահոտությունը վերացնելու նպատակով մշտապես հսկողություն սահմանել մաքրող սարքավորումների (ֆիլտրերի) անխափան աշխատանքի իրականացման նկատմամբ:

2-րդ ստուգումն իրականացվել է ՀՀ բնապահպանության նախարարի թիվ 000173 հանձնարարագրի հիման վրա 2014թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 7-ը` նախորդ ստուգման արդյունքում տրված հանձնարարականի պահանջների կատարման ընթացքը ստուգելու նպատակով:  Պարզվել է, որ ընկերությունը կատարել էր նշված աշխատանքները և հարակից տարածքի բնակիչների մեկնաբանմամբ` գարշահոտությունը գրեթե վերացել էր, ինչը նաև հաստատվել է բնակիչների ստորագրությամբ:

3-րդ ստուգումը «Առողջ սունկ» ՍՊԸ-ում իրականացվել է Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2015թ. հուլիսի 22-ին գրավոր տեղեկատվությամբ պահանջվող հարցերի պարզաբանման նպատակով` ՀՀ բնապահպանության նախարարի կողմից նույն օրը տրված` թիվ 000128 հանձնարարագրի հիման վրա: Այն տևել է հուլիսի 22-30-ը: Լաբորատոր չափագրումների արդյունքում պարզվել է, որ ամիակի միանգամյա արտանետումների չափաքանակները գերազանցում են ՍԹԱ թույլտվությամբ տրված նորմերը:

«Առողջ սունկ» ՍՊԸ-ն Բյուրեղավանի մասնաճյուղի գործունեությամբ է պայմանավորված հանրապետության 3 մարզերի ևս 6 գործարանների գործունեությունը, որոնք զբաղվում են վերամշակված սնկի և օրգանական պարարտանյութերի արտադրությամբ: «Առողջ սունկ»-ը Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից և արտահանողներից է, արտադրամասեր ունի հանրապետության տարբեր մարզերում, Աբովյան և Հրազդան քաղաքներում, Արմավիրի Մայիսյան գյուղում, ինչպես նաև Տաշիրում: Այն ապահովում է ավելի քան 200 աշխատատեղ: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ