Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը և Հորդանանը սերտացնում են համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում

Հայաստանը և Հորդանանը սերտացնում են համագործակցությունը կրթության և 
գիտության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Հորդանանը սերտացնում են հարաբերությունները կրթության, գիտության  և տեխնոլոգիաների ասպարեզում: Հունիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրան ստորագրեցին երեք բնագավառներում երկու երկրների միջև 2015-2020թթ. համար համագործակցության մասին հուշագիր:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ երկու տարի առաջ  Հորդանանում ստորագրվել է համագործակցության առաջին երկկողմ հուշագիրը: «Այն անմիջապես կյանքի կոչեցինք, և յուրաքանչյուր կողմ կրթաթոշակ տրամադրեց մյուս կողմին: Կրթաթոշակների թիվը սահմանափակ էր. հինգական ուսանող կարող էին օգտվել դրանից: Հաշվի առնելով երկու կողմերի կրթական պահանջները՝ մենք ընդլայնում ենք կրթաթոշակների թիվը մինչև 25-ը: Մեզ համար կարևորագույն ուղղություն է մնում արաբագիտությունը, իսլամագիտությունը: 25 կրթաթոշակ տարեկան շատ լուրջ թիվ է: Պատրաստ ենք հյուրընկալել Հորդանանի ուսանողներին, որոնց կիզակետում է բժշկական համալսարանը: Պատրաստ ենք փոխանակման ծրագրեր իրականացնել այլ ոլորտներում»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծեց, որ կարևորում է երկու երկրների բուհերի համագործակցությունը:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրան ևս կարևորեց երկկողմ համագործակցությունը: «Ուրախ ենք Հորդանանում տեսնել հայ ուսանողների, մենք ունենք միջազային ուսանողական մթնոլորտ. ավելի քան 50 ազգությունների ներկայացուցիչներ են սովորում Հորդանանում: Մեր ուսանողների ավելի քան 25 տոկոսն օտարերկրացիներ են, մենք ցանկություն ունենք ընդլայնել օտարերկրյա ուսանողների թիվը»,-նշեց նա:

Լաբիբ Խադրայի խոսքով՝ Հորդանանում կա հայկական համայնք: «Համոզված եմ, որ հայ ուսանողները ևս հաճույքով են սովորում Հորդանանում և հակառակը: Ես առաջին անգամ եմ Հայաստանում, շատ ջերմ երկիր է: Կցանկանայի ուսանող լինել և գալ Հայաստան սովորելու»,-նշեց նա:

Ըստ համագործակցության հուշագրի՝  կողմերը կզարգացնեն և կամրապնդեն կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ համաձայն երկու երկրներում գործող օրենսդրության: Միաժամանակ, կողմերը կաջակցեն երկու երկրների համալսարանների և գիտական ու հետազոտական կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, տարեկան մինչև 25 կրթաթոշակ կտրամադրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության, բժշկության (ներառյալ մագիստրատուրան) ոլորտներում` բակալավրիատի և մագիստրատուրայի ամբողջ կիսամյակի և մեկ տարի արաբերենի ու իսլամագիտության և համապատասխան վերապատրաստման դասընթացների համար, որոնց, անհրաժեշտության դեպքում, կնախորդեն լեզվի դասընթացները: Ընդունող կողմը կրթաթոշակ ստացած անձանց համար կապահովի ուսման վարձից ազատում, ամսական հատկացում՝ համաձայն ընդունող երկրի գործող օրենսդրության, ուսանողական հանրակացարանում կացություն՝ համաձայն ընդունող երկրի գործող օրենսդրության, մուտք գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, և այլն: Դեպի ընդունող կողմի մայրաքաղաք և մայրաքաղաքից հետադարձ ճանապարհորդական ծախսերը կհոգա թեկնածուն: Փոխադարձ կապերը ամրապնդելու, փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ կողմերը կկազմակերպեն փորձագետների խմբի տարեկան փոխանակում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am