Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 3/16. «Սերը Մոսկվայում» վեպը՝ աղյուսակի առաջատար

Երևանյան բեսթսելեր 3/16. «Սերը Մոսկվայում» վեպը՝ աղյուսակի 
առաջատար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» նոր վեպը: Մարտիրոսյանի նոր վեպի վերնագրի երանգը հուշում է, որը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ, այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ, երկրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

«Անտարես» հրատարակչությունը վերահրատակել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» սիրված և սկանդալային գիրքը: Երկհատոր ստեղծագործությունը բեսթսելերի երրորդ հորիզոնականում է:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության.Տաղեր» ժողովածուն: 

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»  վեցերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» վեպը հեղինակի խոստովանությամբ իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված բոլոր ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ անսահման սերն է:

Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը իններորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ

Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 նոր

Վահրամ Մարտիրոսյան

«Սերը Մոսկվայում»

Անտարես 64
2 +1

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 17/15
3 *

Հովիկ Չարխչյան

«Սուլամիթա. Սևակի մեծ սերը»

Անտարես 10
4 *

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 9
5 -1

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության.Տաղեր»

Զանգակ 7
6 -1

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 7
7 *

Անրի Վեռնոյ

«Մայրիկ»

Առպրինտ 7
8 *

Օրհան Փամուքի

«Իմ անունը Կարմիր է»

Անտարես 7
9 0

Գարսիա Մարկեսի

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 6
10 -4

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am