Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օծվեց Լիճքի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցին

Օծվեց Լիճքի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցին

ԳԱՎԱՌ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում  համայնքի բնակիչների նվիրատվությամբ բացվեց եւ օծվեց Սուրբ Խաչ նորակառույց եկեղեցին: Միջոցառումը ներդաշնակվեց Լիճքի օրվա տոնին` վերածվելով հոգեւոր ու աշխարհիկ տոնախմբության: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` նորակառույց եկեղեցին օծվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի:

Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը եւ Լիճքի օրվա տոնին իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարները, Հայաստանում կամ արտերկրում բնակվող նախկին լիճքեցիներ, Լիճքի եւ հարակից բնակավայրերի բնակիչներ:

Ինչպես եկեղեցու օծման արարողությունից հետո նշեց Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, բարերարները, ովքեր մոտ չորս հարյուր հոգի են, չեն ցանկացել հնչեցնել իրենց անունները, քանի որ իրենք հոգով ու սրտով նորակառույց եկեղեցին նվիրում են իրենց սերունդներին ու  հայոց հինավուրց հավատի հարատեւությանը: «Գեղարքունիքի մարզում, ի փառս մեր հայրենիքի եւ Աստծո, նոր շքեղ հավատի տուն բացվեց, որի համար բոլորին Տերն իր զորավոր աջով պահապան կլինի: Եկեղեցին մեր հավաքական նկարագիրն է, եւ մենք պարտավոր ենք մեր կենդանի շնչով ու աղոթքով լցնել այն, առ Աստված ջերմեռանդորեն աղոթենք, որ Տերն անսասան պահի մեր հայրենիքը եւ սրբազան  հավատը»,- նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդը:

Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանի հավաստմամբ` նորակառույց եկեղեցին, որի պահանջը շատ էր զգացվում գյուղում, վեր է բարձրացել չորս տարվա ընթացքում, համայնքի հարյուրավոր բարերաների նվիրատվությամբ: Այն Գեղարքունյաց թեմի կազմում լինելու է մշտապես գործող եկեղեցի, ուր տարվա ընթացքում կլինեն բազմաթիվ կնունքի եւ պսակադրության արարողություններ:

Եկեղեցու ճարտարապետ Հակոբ Բաբախանյանի ներկայացմամբ` Լիճքի Սուրբ Խաչն ունի 13, 80 մետր երկարություն, 13,80 մետր լայնություն, 20 մետր բարձրություն, կենտրոնագմբեթ է` ութանիստ գմբեթով, ունի մեկ խորան եւ երկու ավանդատուն: Այն կառուցված է հիմնականում տեղական բազալտով, որի հետ տեղ-տեղ ներդաշնակված է վարդագույն տուֆը` ստեղծելով գույների գեղեցիկ համադրություն: Հոգեւոր երգչախմբի համար կառուցվել է պատշգամբ` եկեղեցու հարավային կողմի երկրորդ հարկում: Սուրբ Խաչն ունի նաեւ զանգակատուն: Այն իր ճարտարապետական տեսքով ընդօրինակում է 7-9-րդ դարերի եկեղեցաշինական ավանդույթները:

«Ես շատ անհամբեր եմ սպասել այս օրվան, որ մեր գյուղն էլ ունենա հավատի իր տունը, որտեղ կատարեմ որդիներիս պսակադրությունը: Բազմաթիվ լիճքեցիներ մոտ 100 տարի սպասել են հավատի տուն ունենալուն, քանի որ խորհրդային տարիներից ի վեր մեր գյուղը չուներ իր եկեղեցին եւ հոգեւոր պահանջները բավարարում էր այլ եկեղեցիներում, մեր գյուղի տարածքի կիսավեր մատուռներում: Այս շքեղ հավատի տունը թող նվեր լինի մեր հայրենիքին ու մեր սերունդներին, թող Աստված մեզ պահապան ու աջակից լինի, որ դրսում աշխատած գումարները կարողանանք հասցնել հայրենի տուն, շենացնել ու բարձրացնել մեր աշխարհը: Առջեւում մեր միասնությամբ մենք նոր հանրային կարեւոր ձեռնարկներ կիրականացնենք Լիճքում»,- նշեց գործարար, եկեղեցու շինարարության մեջ իր ներդրումն ունեցած Ժորա Ավետիսյանը:

Լիճքեցիների ուրախ տրամադրությունը փոխանցվել էր նաեւ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքից հրավիրված հյուրերին: Նրանցից մեկը` մասնագիտությամբ շինարար Վլադիմիր Լուկյանովը, «Արմենպրես»-ին փոխանցեց իր տպավորությունները. «Նորակառույց եկեղեցին հիացնում է իր շքեղությամբ ու ճոխությամբ, հայ ժողովրդի միասնական ոգին ու ուրախ տրամադրությունը ակամա փոխանցվում են ինձ, եւ ես մեկ անգամ էլ եմ հպարտանում, որ քրիստոնյա եմ, ձեր կողքին, այս գեղեցիկ տոնին ականատես: Հավատում եմ հայ-ռուսական բարեկամության հարատեւությանը: Շնորհավորում եմ բոլորիդ այս պայծառ, տրամադրող օրվա առթիվ»,- ասաց Վլադիմիր Լուկյանովը:

Լիճքեցիների համար տոնական համերգ տվեցին «Նազանի» երգի-պարի համույթը, հանրաճանաչ մի շարք երգիչներ: Տոնը շարունակվեց մինչեւ ուշ երեկո եւ ավարտվեց հրավառությամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am