ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Արմենուհի Մխոյան): Շիրակի
մարզում հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը 12.9 % է: Ինչպես
«Արմենպրեսե-ին տեղեկացրեց Զբաղվածության Շիրակի մարզի տարածքային կենտրոնի
տնօրեն Ամալյա Ադամյանը, մարզում գրանցված է աշխատանք փնտրող 15 հազ 200
քաղաքացի, որի 80%-ն ունի գործազուրկի կարգավիճակ: Նրանց մեծ տոկոսը՝ 84.4,
կանայք են, 62.2 %-ը` բանվորի մասնագիտությամբ: Գործազուրկների մեջ մեծ թիվ են
կազմում նաեւ մանկավարժները, ինժեներները, բուժքույրերը եւ հաշվապահները:
Նշենք, որ տարեսկզբից մինչ օրս մարզի զբաղվածության տարածքային կենտրոնի
աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 334 աշխատանք փնտրող:
Չնայած գործազուրկների առկայությանը` մարզում առկա է նաեւ բժիշկների,
լրագրողների, ցանցային ադմինիստրատորների, փականագործների, խառատների,
ծեփագործների, մեխանիկների եւ էլեկտրիկների պահանջարկ: