Քաղաքականություն

Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ. Ռուբինյան

2 րոպեի ընթերցում

Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման պայմանավորվածության կատարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

«Հայկական կողմից մեր բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտին հասցրել, անցակետը պատրաստ է գործունեության համար։ Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այս պայմանավորվածությունը կիրականացվի»,-նշեց Ռուբինյանը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ կա պայմանավորվածություն հանդիպելու, սակայն ժամկետի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։

Հարցին, թե դա կա՞րող է պայմանավորված լիներ, որ Թուրքիան ձգձգում է և նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Ռուբինյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ չի ցանկանում մեկնաբանություն անել։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք ունենք պայմանավորվածություն, որ պետք է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանը բացվի և մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-եզրափակեց Ռուբինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում