Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան

Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն 
բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում, և հատկապես երկու երկրների միջև առևտրաշրջանառության կրկնակի աճը, որն անցյալ տարի արտահայտվեց երկնիշ թվով, վկայում է այն մասին, որ Հայաստանն ունի Ղազախստանի հետ համագործակցության լուրջ ներուժ, բայց, ցավոք, օգտագործվում է դրա միայն մի մասը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով հայ-ղազախական հարաբերություններին՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան կատարած այցի համատեքստում։

«Ընդհանուր առմամբ՝ վերջին տասը տարիների ընթացքում մի քանի ոլորտներում նկատելի է զգալի զարգացում և աշխուժություն, ինչը կարելի է ավելի կազմակերպված հիմքերի վրա դնել։ Այդ դեպքում կարող ենք ակնկալել ավելի լավ արդյունքներ։ Համագործակցությանը խոչընդոտող խնդիրները հիմնականում կրում են լոգիստիկ բնույթ և ավելի շուտ տեխնիկական են, իսկ քաղաքական առումով կան բավականին լավ հիմքեր հետագա համագործակցությունը խթանելու համար։ Դրանք թույլ են տալիս, որ հետխորհրդային շրջանի համադրելի վիճակում գտնվող երկու երկրները կիսեն ուսանելի փորձը, ինչը մեզ համար կարող է լինել բավականին լուրջ հնարավորություն՝ հաշվի առնելով անկախությունից ի վեր Ղազախստանի գրանցած պատկառելի առաջընթացը։ Ե՛վ Աստանա քաղաքի հիմնադրումը, և՛ սոցիալ-տնտեսական զարգացումը դրա վառ ապացույցն են։ Իհարկե, նախորդ տարվա սկզբին այդ երկրում տեղի ունեցան որոշակի խռովություններ, սակայն  վարչակազմը տրամադրված է դրան սթափ հայացքով նայել ու սոցիալական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ կատարել գործնական քայլեր»,- ասաց Մանասերյանը։

Նա ղազախական տնտեսության մեջ հատկապես կարևորեց միջազգային ֆինանսական կենտրոնի ստեղծումը, որը վերջին երեք-չորս տարիների ընթացքում Արևմուտքի հետ համագործակցության շատ կարևոր ասպարեզ է բացել, քանի որ Նյու Յորքի բորսայում գրանցված հազարավոր ընկերություններ այսօր Ղազախստանում ներդրումներ կատարելու համար տեսնում են բավականին գրավիչ պայմաններ։ Միջազգային այդ ֆինանսական կենտրոնն, ըստ տնտեսագետի, կայացել է որպես միջազգային չափարոշիչներով ձևավորված և կոնկրետ ժամանակային գոտում գործող կարևոր կառույց, ինչը Հայաստանի համար կարող է նույնպես լինել անչափ օգտակար և ուսանելի։  

«Անհրաժեշտ է գտնել այն ուղիները, որոնք կօգնեն գործարարներին ավելի ակտիվ համագործակցել, ինչը շատ լուրջ հեռանկարներ կբացի։ Որքան էլ քննարկենք երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները, ի վերջո առաջին պլան են մղվում կոմունիկացիոն և լոգիստիկ խնդիրները, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի հետ համագործակցության պարագայում առաջին պլան է մղվում Վերին Լարսի կարևոր օղակը, որին, սակայն, անհրաժեշտ է գտնել նաև այլընտրանքային տարբերակներ։ Ղազախստանը լինելով նաև ԵԱՏՄ անդամ երկիր՝ վերջին տարիներին ավելի է ակտիվացրել կապերը ՀՀ-ի հետ՝ օգտագործելով կառույցի հնարավորությունները։ Եթե ամեն ինչ հատկապես լոգիստիկայի բնագավառում հարթվի, ապա առաջիկայում կարող ենք ակնկալել, որ հինգ տարիների կտրվածքով մեր երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը կես միլիարդ դոլարից կարող է հասնել մեկ միլիարդի»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանասերյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանային ինտեգրացիան, այնուամենայնիվ,  պետք է զարգացնել ոչ միայն երկկողմ հարաբերությունների հիմքով, քանի որ որևէ երկրի, լինի ասիական, աֆրիկյան, ամերիկյան, թե եվրոպական, երբևէ չի հաջողվել իր տեղը գտնել համաշխարհային տնտեսության մեջ՝ առանց տարածաշրջանային շուկաներում սեփական տեղը գտնելու։

«Իհարկե, կարելի է զարգացնել հայ-ղազախական երկկողմ հարաբերությունները, առավել ևս, որ գործում է դեռ 1991 թվականին կնքված Բարեկամության և փոխգործակցության համաձայնագիրը, ինչպես նաև ուժի մեջ են շատ այլ համաձայնագրեր, սակայն այն, ինչն իսկապես զարկ տվեց հարաբերություններին, համագործակցությունն է ԵԱՏՄ շրջանակում, որտեղ գործում են արտոնությունների համակարգն ու ընդհանուր շուկայի ձևավորման միտումները։ Դրանք էլ թույլ են տալիս և՛ Ղազախստանի, և՛ Բելառուսի հետ կապերը զարգացնել՝ որպես օրինակ դիտարկելով նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Ղրղզստանի հետ պատկերը փոքր-ինչ այլ է, քանզի այդ երկիրը լուրջ խնդիրներ ունի՝ կապված սեփական արտադրության հետ, ուստի ավելի շատ կողմնորոշված է սպասարկելու Չինաստանի արտահանման տարբեր ուղղությունները»,- ասաց տնտեսագետը։

Քանի որ Մանասերյանը հանգամանորեն ուսումնասիրել է Ղազախստանի տնտեսությունն ու անկախությունից հետո գրանցած առջընթացը, և այդ առթիվ գրել է աշխատություններ, որոնք լայն արձագանքներ են գտել այդ երկրում ամենաբարձր մակարդակով, վստահեցրեց, որ Հայաստնն իր հերթին մեծապես հետաքրքրում ղազախ գործընկերներին։

«Նախևառաջ Իրանի հետ մեր բարեկամական կապերը նաև Ղազախստանի համար են հետաքրքիր, ուստի եռակողմ համագործակցությունը շատ հնարավոր է ու իրատեսական։ Հայաստանի տնտեսությունը կարող է ղազախների համար ծառայել որպես բարձր տեխնոլոգիական արտադրությունների զարգացման հարթակ։ Այն, ինչ Հայաստանը չի կարող անել միակողմանիորեն՝ ելնելով ֆինանսական, կազմակերպչական և այլ բնույթի դժվարություններից, Ղազաստանը կարող է այդ հարցում մեզ աջակցել, քանի որ ՏՏ ոլորտում գրանցած արդյունքներն ունեն մեծ պահանջարկ նաև Ղազախստանում։ Մյուսը կրթության և գիտության ոլորտն է, որն այս պահին այդ երկրում դրված է շատ բարձր հիմքերի վրա։ Հաշվի առնելով Հայաստանում դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները՝ Ղազախստանը այս ոլորտույմ նույնպես հակված է մեզ հետ համագործակցություն ծավալել։ Հաջորդ ուղղությունը հայկական սփյուռքի հետ կապերի հաստատումն է, ինչով շահագրգռված է Ղազախստանը և դա իրացնում է մեծ հաջողությամբ։ Մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում իրացվել են տարաբնույթ նախագծեր, որոնցում ներգրավված են սփյուռքահայ գործարարները։ Հաջորդ ոլորտը զբոսաշրջությունն է, որն ինքնաբերաբար ստացավ զարգացում, բայց այն պետք է խթանել նաև պետական մակարդակով»,- ասաց տնտեսագետը։

Մանասերյանը մատնանշեց միայն մի քանի ոլորտներ, բայց իրականում, նրա կարծիքով, կան համադրելի շատ գործոններ, և Ղազախստանի տնտեսական առաջընթացի հիմնական հաջողությունն, ի տարբերություն Հայաստանի, տնտեսական աճի զուգորդումն է սոցիալական ոլորտի առաջընթացով։ Ղազախստանում արձանագրվել է աղքատության, գործազրկության ցուցանիշների զգալի նվազում, գրանցվել է զբաղվածության ավելացում, հատկապես երիտասարդների շրջանում գործազրկության կրճատում, հաճախակի կազմակերպվում են երիտասարդների նպատակային գործուղումներ արտերկրի առաջատար համալսարաններ, ինչից հետո նրանց նկատմամբ պահանջարկը հստակորեն ձևավորվում է թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցներում։ Մանասերյանի համոզմամբ՝ կարելի է նշել բազմաթիվ գործոններ, և Հայաստանն իսկապես շատ բան ունի սովորելու Ղազախստանից։     

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am