Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը 
կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն՝ ի պատասխան լրագրողի հարցին, որ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպումը ներառական չէ և կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այս հանդիպումից հետո կկիսեն պատասխանատվությունը հետագա հնարավոր էսկալացիայի համար։

«Ես ակնհայտորեն չէի համաձայնի այդ մեկնաբանություններին։ Այս հանդիպման առանցքում տնտեսական դիմակայությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչպե՞ս կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստացնել աշխարհի որևէ մի երկրի»,- ասել է խոսնակը։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան, Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպումը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, շեշտել է, որ Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:  

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Գրիգորյանն ասել էր, որ միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am