Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է 
արտահանվել ու ներմուծվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 615 մլն 977.2 հազար դոլար: Թեև Հայաստանի առևտրային ամենամեծ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն անգամներով աճել են Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները: Ընդ որում, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ առավել աշխույժ է եղել արտահանումը:

Արտահանվող ապրանքների կառուցվածքում փոփոխություններ են եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը ներկայացրեց Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների անգամներով ավելացման պատճառները,  արտահանված և ներմուծված հիմնական ապրանքատեսակներն ու տարվա ընթացքում առաջացած խոչընդոտները:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով: Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 2.8 տոկոսով՝ կազմելով 181 մլն 640.1 հազար դոլար: Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը  աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով:

Ավանդաբար մեծ մասնաբաժին ունեցող Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս պետությունների հետ առևտրի աշխուժացումն Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան պայմանավորեց թիրախային քաղաքականությամբ: «Մեր հիմնական նպատակը, որը նախանշվել է նաև  տնտեսական քաղաքականության մեջ, պետք է լինի արտահանման դիվերսիֆիկացիան: Դիվերսիֆիկացիա իրականացնում ենք երկու հինական ուղղություններով՝ և՛ ԵԱՏՄ-ի շրջանակում ենք ուզում դիվերսիֆիկացնել, այսինքն՝ աշխուժացնել առևտուրը ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ, և՛ ԵԱՏՄ-ից դուրս: Որքան էլ աշխուժացնենք, բոլորիս համար հասկանալի է, որ թիվ 1 առևտրային գործընկերը մնալու է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանի հետ կան ավանդական կապեր, և՛ տնտեսավարողները, և՛ սպառողները սովոր են»,-ասաց Մովսիսյանը:

Նա իրատեսական չի համարում, որ այն ծավալը, որ կա ՌԴ-ի հետ, կլինի ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ ևս: Սակայն ուրախալի է համարում հատկապես այն  հանգամանքը, որ առևտրաշրջանառության մեջ ավելի աշխուժ է արտահանման ցուցանիշը:

«Դա, բնականաբար, պայմանավորված է և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ԵԱՏՄ-ի շրջանակներում թիրախային ուղղությունը ներմուծման փոխարինումն է (խմբ․ երրորդ երկրներից ներմուծում)։ Գաղափարի հիմնական մեխն այն է, որ որքան հնարավոր է ավելի շատ միության ներսում կարողանանք ապրանքներ արտահանել և ներմուծել»,-ասաց նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ դրա համար որպես թիրախ է վերցվել նաև արտադրության զարգացումը, կոոպերացիոն նախագծերի իրականացումը:

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2023-ին աճել է 40.8 տոկոսով, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, աճել է 44.6 տոկոսով:

Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալը 2023-ին ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն՝ կազմելով 3 մլրդ 418 մլն 641.6 հազար դոլար՝ 2022 թվականի նկատմամբ ավելանալով 38.8 տոկոսով: Իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի, կազմել է 3 մլրդ 887 մլն 382.3 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 47.4 տոկոսով:

Հայաստանից Ղրղզստան արտահանման ծավալը 2022-ի նկատմամբ նախորդ տարի աճել է 4.8 անգամ՝ կազմելով 27 մլն 392.6 հազար դոլար, իսկ Ղրղզստանից  ներմուծումը նվազել է 56 տոկոսով՝ կազմելով 436.4 հազար դոլար:    

Հայաստանից  Ղազախստան արտահանումը նախորդ տարի 2022-ի նկատմամբ աճել է 3.8 անգամ՝ կազմելով 71 մլն 320.8 հազար դոլար, իսկ Ղազախստանից ներմուծման աճը 23.6 տոկոս է՝ 29 մլն 163.4 հազար դոլար ծավալով:

2023-ին Հայաստանից Բելառուս արտահանվել է 91 մլն 929.9 հազար դոլարի արանք՝ 2022-ի նկատմամբ աճելով 19.5 տոկոսով, ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Բելառուսից ներմուծումը նվազել է 18.4 տոկոսով՝ կազմելով 89 մլն 710.2 հազար դոլար:

Մովսիսյանի խոսքով՝ եթե 2021-2022 թթ Հայաստանից Ռուսաստան արտահանվել էին հիմնականում (ըստ ծավալի նվազման) ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, ձուկ, լոլիկ, ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր, ապա 2023-ին արտահանվել են հիմնականում հեռախոսային ապարատներ և այլ սարքեր, ադամանդ, ալկոհոլային խմիչքներ, մոնիտոր և պրոյեկտոր, երկաթահամաձուլվածք:

«Թեև ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակում հիմնականում արտահանման կառուցվածքում են փոփոխություններ եղել, սակայն ներմուծման տեսանկյունից ևս նկատվում են կառուցվածքային փոփոխություններ»,-նշեց նախարարության պաշտոնյան:

2021-2022թթ. Հայաստանը ՌԴ-ից ներմուծել էր հիմնականում բնական և հեղուկ գազ, նավթ և նավթամթերք, անմշակ ալյումին, ոսկի, ցորեն, 2023-ին ներմուծել է ոսկի, բնական և հեղուկ գազ, ադամանդ, նավթ և նավթամթերք, անմշակ կամ կիսամշակ պլատին:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս պետություններին, ապա, եթե 2021-2022-ին Հայաստանը Բելառուս էր արտահանել հիմնականում ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, անմշակ կապար և այլն, 2023-ին արտահանել է հիմնականում հեռախոսային ապարատներ, ադամանդ, համակարգիչներ և դրանց բլոկեր, ալկոհոլային խմիչքներ, տպագրական սարքավորումներ, ներմուծել է ադամանդ, կաթ և սերուցք, մեքենա և սարք՝ բարձրացնելու, տեղափոխելու կամ բեռնաթափելու, անտառանյութ, փայտանրբաթելային սալիկներ և այլ ապրանքներ: 

Հայաստանը 2023-ին Ղազախստան է արտահանել հիմնականում մարդատար ավտոմեքենաներ, ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, ներկեր և լաքեր, սառնարան, սառցարան և այլ սառեցնող սարքավորումներ, ներմուծել է ծխախոտային արտադրանք, երկաթից հարթ գլանվածք, էլեկտրական կուտակիչներ, անմշակ ալյումին, սարք՝ բնահող, հանքաքար, այլ պինդ հանքանյութ լվալու, աղալու, խառնելու և այլն:

2023-ին Հայաստանից Ղրղզստան են արտահանվել հիմնականում մարդատար ավտոմեքենաներ, հագուստ, կենդանիների կեր, ներքին այրման մխոցային շարժիչ և այլն, Ղրղզստանից ներմուծվել են հեռախոսային ապարատներ, լոբազգի բանջարեղեն, չորացված մրգեր, մակարոնեղեն, հյութեր:

Խոսելով արտահանման նման ծավալների մեջ վերաարտահանման դերի մասին՝ Մովսիսյանն ընդգծեց, որ արտահանման աճի առյուծի բաժինը վերաարտահանումը չի ապահովել, սակայն, բնականաբար, որոշակի ծավալ ունի: «Արտահանված ապրանքներում կան այնպիսի ապրանքներ, որոնք Հայաստանը չի արտադրում, օրինակ՝ մարդատար ավտոմեքենաները: Վերաարտահանման գործընթացը գտնվում է կառավարության ուժեղ հսկողության ներքո: Այդ մասով հաճախակի խորհրդակցություններ են անցկացվում, որ դա չհասնի այնպիսի ռիսկային վիճակի, որ Հայաստանի տնտեսության նկատմամբ կիրառվեն տարատեսակ պատժամիջոցներ»,-ասաց պաշտոնյան:

Ըստ նրա՝ պետությունը վերլուծություն է իրականացրել այն ապրանքների մասով, որոնք ավելի շատ են վերաարտահանման կառուցվածքում, ռիսկային են: Այդ մասով Էկոնոմիկայի նախարարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը սահմանել է հիմնական ապրանքները, որոնք դիտարկում է ռիսկային, երկակի նշանակության: Եթե նույնիսկ թույլատրվում է, որ այդպիսի ապրանքները Հայաստանից արտահանվեն ԵԱՏՄ անդամ պետություններ, երրորդ երկրներ, ապա դրանք անցնում են հստակ փորձաքննության ընթացակարգ, և դրանց համար տրամադրվում է համապատասխան թույլատվական փաստաթուղթ: Այսպիսով, Մովսիսյանի վստահեցմամբ՝ վերաարտահանման գործընթացը, որքան հնարավոր է, կանոնակարգված է:

Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում արտահանման գործընթացում առաջացած խոչընդոտներին՝ պաշտոնյան խոսեց հատկապես Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրների մասին: Մովսիսյանը հիշեցրեց, սակայն, որ 2022-ին Լարսում իրականացվել են մի շարք աշխատանքներ:

«Լարսի հիմնական խնդիրը, որ բարձրաձայնվում էր, անցակետի թողունակության հարցն էր: 2022-ին իրականացված աշխատանքների արդյունքում մենք հնարավորություն ունեցանք էականորեն ավելացնել թողունակությունը, 2 անցակետի փոխարեն այսօր ունենք 12-ը, ինչը  թույլ տվեց էականորեն լուծել հիմնական խնդիրը»,-ասաց նա:

Ըստ Մովսիսյանի՝ նախորդ տարի, ոչ բնակլիմայական խնդիրներով պայմանավորված, Վերին Լարսում խնդիր է եղել սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածում։ Խնդիր է եղել կոնյակի արտահանման հետ կապված, որն արագ կարգավորել է, ապա նոյեմբերին՝ խնդիրներ են եղել շուտ փչացող արտադրանքների արտահանման հետ կապված:  

Նախորդ տարվա աշնանը ռուսական կողմը Հայաստանից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ Լարսի անցակետում մաքսային հսկողություն էր իրականացնում, երբեմն որոշում էին ապրանքն ուղարկել փորձաքննության: Սակայն հարցը կարճ ժամանակ հետո հարթվել էր: Ըստ Մովսիսյանի՝ կոնյակի մասով պայմանավորվածություն եղավ, որ արտադրանքի որակի վերահսկման տեսանկյունից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն ու «Ռոսսելխոզնադզոր»-ը կփոխանակեն ինֆորմացիա բարեխիղճ տնտեսավարողների վերաբերյալ, որ նրանց մասով խնդիրներ չառաջանան:

«Նոյեմբերին մի քիչ ավելի դժվար եղավ: Հիմնական խնդիրը կապված էր բուսասանիտարիայի հետ, հայկական բեռները զանգվածային կերպով հետ էին ուղարկվում: Այստեղ մեզ օգնեց ԵԱՏՄ հարթակը: Մենք ԵԱՏՄ կոլեգիայում ներկայացված ենք երկու նախարարներով: Ունենք հարթակ՝ փոխադարձ առևտրի խոչընդոտների սահմանման ու վերացման: Այդ հարթակներում ունենք ձևավորված աշխատանքային խումբ, որը փոխնախարարական մակարդակով է: Երբ առաջանում է խնդիր, երկիրը պաշտոնապես գրություն է ուղարկում հանձնաժողով, կազմակերպվում են հրատապ խորհրդակցություններ: Այդ խորհրդակցության անցկացումից 1 օր հետո  անցակետը բացվեց»,-ասաց Մովսիսյանը:

 Դրանից հետո Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները և «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել, նախանշել առկա խնդիրները: Ըստ նրա՝ խնդիրներին ամենօրյա ռեժիմով օպերատիվ կերպով լուծումներ են տրվում, աշխատում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը՝ Վահան Հակոբյանը: Մովսիսյանը վստահեցրեց, որ Լարսի հետ կապված խնդիրներին տարվա ընթացքում հիմնականում լուծումներ տրվել են:

Հայաստանը ԵԱՏՄ միակ պետությունն է, որ ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ երկրների հետ: Այսպիսով, որպես Լարսի անցակետին այլընտրանք՝ նախորդ տարի փորձ արվեց ևս մեկ այլընտրանքային ճանապարհ օգտագործել, գործարկվեց լաստանավային հաղորդակցությունը: Սակայն այն շատ կարճ գործեց: Նախարարությունում կարծում են, որ տնտեսավարողների կողմից որոշակի զգուշավորություն է եղել, բիզնեսը նախընտրել է ավանդական՝ Վերին Լարսի ճանապարհը: «Երբ մարդիկ սովորում են ինչ-որ ավանդական տարբերակների, նորը մի փոքր ավելի ռիսկային են համարում: Այս պահին այդ գործընթացը դադարեցված է, դեռևս հայտնի չէ՝ այն կշարունակվի՞, թե՞ ոչ»,-նշեց Մովսիսյանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am