Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Ադրբեջանը իր գործողություններով հետին պլան է մղում խաղաղության գործընթացը․ Սեյրան Օհանյան

Ադրբեջանը իր գործողություններով հետին պլան է մղում խաղաղության 
գործընթացը․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի գործողությունները հետին պլան են մղում խաղաղության ամբողջ գործընթացը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին՝ եթե Բրյուսելում հաջողվի եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի հետ, Հայաստանն ի՞նչ օրակարգով պետք է գնա այդ հանդիպմանը:

«Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որ երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար: Բացառապես Հայաստանի շահերից ելնելով՝ պետք է գնալ այդպիսի հանդիպումների: Իսկ այսօրվա վիճակը՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, խաղաղության պայմանագրում (խմբ.-խաղաղության պայմանագրի նախագիծ) գործուն կետերի բացակայությունը, Արցախի հարցի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, հանցավոր կերպով ցեղասպանության իրականացումը, կարծես թե, որոշ չափով հետին պլան են գցում այսօրվա խաղաղության ամբողջ գործընթացը և բերում այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը Հայաստանի համար որոշակի խաբկանք է հանդիսանում»,-ասաց Օհանյանը: 

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարծում է, որ Հայաստանը պետք է բոլոր հարթակներն օգտագործի որոշակի հաջողություններ ունենալու համար: Միևնույն ժամանակ, Օհանյանը շեշտում է՝ Հայաստանը պետք է մասնակցի բացառապես այնպիսի գործողությունների այնպիսի հարթակներում, որտեղ Հայաստանի շահերն առաջ կտարվեն։  

Ադրբեջանը վերջին շրջանում խուսափել է մասնակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասնակցելուց՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք պայմանավորվածություններ ձեռք են բերվել հենց ԵՄ-ի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում։ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 8-ին X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով և ողջունել է Բրյուսելում եռակողմ բանակցությունների մասնակցելու Բաքվի հանձնառությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am