Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱԺ նախագահը չի բացառում արտաքին ուժերի շահագրգռվածությունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ

ԱԺ նախագահը չի բացառում արտաքին ուժերի շահագրգռվածությունը 
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ներքուստ հայ ժողովուրդը գիտի, թե ովքեր են եղել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության դրդողները և դերակատարները։ 

«1999 թվականից այս կողմ շատ ժամանակ է անցել, և բնական է՝ ժամանակային բարդություններ կան, բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներն ու հիմնական կազմակերպիչներն ովքեր են եղել։ Ես հիմա իմ պաշտոնի բերումով ինձ իրավունք չեմ վերապահի բարձրաձայն ասել, դա մեղադրանք կհնչի։ Թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դրդապատճառները և դերակատարները գիտենք։ Մնում է այդ փաստը արձանագրվի և համապատասխան պատիժ լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե արդյոք Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանն արտաքին ուժերի շահագրգռվածություն տեսնում է, Սիմոնյանը պատասխանեց․

«Չեմ բացառում։ Իհարկե, ո՞նց չեմ տեսնում»։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am