Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Եվրոպական հարթակը բավականին նպաստավոր ենք համարում բանակցությունների համար. պատգամավոր

Եվրոպական հարթակը բավականին նպաստավոր ենք համարում 
բանակցությունների համար. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունը եվրոպական հարթակը բավականին նպաստավոր է համարում Ադրբեջանի հետ քննարկումների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հոկտեմբերի վերջին Բրյուսելի հանդիպման չկայանալու, նաև Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից Ալիևի հրաժարվելու փաստը վկայում են նրա մասին, որ Արևմուտքը ձախողել է գործընթացը:

Հովհաննիսյանն ասաց, որ Բրյուսելի այցը չեղարկվել է, սակայն հայկական կողմը ևս մեկ անգամ հայտնել է եվրոպական հարթակում հանդիպելու իր պատրաստակամությունը:

«Մենք ելնում ենք մեր պետական շահերից, պատրաստակամ ենք եվրոպական հարթակում շարունակել մեր քննարկումներն Ադրբեջանի հետ: Կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում մի քանի փուլերով: Մենք այս պահին բավականին նպաստավոր հարթակ ենք համարում եվրոպական հարթակը և ակնկալում ենք, որ առաջիկայում նաև մեր եվրոպական գործընկերների ջանքերով կհաջողվի կազմակերպել հանդիպում եվրոպական հարթակներում»,-ասաց խմբակցության քարտուղարը:

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասել ՝ ենթադրում է, որ Բրյուսելի հանդիպումը չի կայանալու Ալիևի կողմից իր մասնակցությունը չհաստատելու պատճառով:



 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am