Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱՄՆ կոնգրեսականները և իրավապաշտպան ու կրոնական կազմակերպությունները դատապարտել են Ալիևի կողմից ԼՂ-ում էթնիկ զտումները

ԱՄՆ կոնգրեսականները և իրավապաշտպան ու կրոնական 
կազմակերպությունները դատապարտել են Ալիևի կողմից ԼՂ-ում էթնիկ զտումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, ինչպես նաև իրավապաշտպան և կրոնական կազմակերպություններ Կապիտոլիումի բլրի վրա տեղի ունեցած միջոցառման ընթացքում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են պատասխանատվության ենթարկել Բաքվին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի, «Ի պաշտպանություն քրիստոնյաների», «Հանուն նահատակների» կազմակերպությունների համակարգմամբ։

Միջոցառմանը ելույթի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը երկրի կառավարությանը կոչ է արել հստակ քայլեր ձեռնարկել ԼՂ հայերի էթնիկ զտման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Այժմ Ադրբեջանի հաջորդ նպատակը Հայաստանը նվաճելն է», - ասել է Շերմանը։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ևս համոզմունք է հայտնել, որ Բաքվի հաջորդ թիրախը Հայաստանն է։

«Ես բացարձակապես որևէ կասկած չունեմ, որ այստեղ նպատակը ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը քարտեզից ջնջելն է։ Դա է նպատակը։ Ցանկացած ոք, ով այլ կերպ է մտածում, իմ կարծիքով՝ ինքնախաբեությամբ է զբաղվում», - ասել է Փալոնը։

Իսկ կոնգրեսական Քրիս Սմիթը նշել է, որ Ալիևը պետք է մարդկության դեմ հանցագործությունների համար կանգնի քրեական դատարանի առջև, իսկ ԱՄՆ-ն պետք է լուրջ պատժամիջոցներ սահմանի Ալիևի և նրա շրջապատի նկատմամբ։

Կոնգրեսական Ջոշ Գոթհայմերը շեշտել է, որ հարկավոր է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղում հայերը սպանվում և տեղահանվում են Ադրբեջանի ձեռքով, և ԱՄՆ-ն չպետք է մեղսակից լինի այդ ամենին։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Լու Կոռեան, Հեյլի Սթիվենսը, նախկին կոնգրեսական Ֆրենկ Վուլֆը, Հայ դատի հանձնախմբի՝ կառավարական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք բոլորն էլ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրեթե 10-ամսյա շրջափակումը և դրան հաջորդած լայնածավալ հարձակումը, կոչ են արել դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ սահմանել Ալիևի նկատմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am