Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Պատերազմը չի ավարտվել, կան նոր մարտահրավերներ․քննարկման մասնակիցները խոսել են առկա իրավիճակի և հարևանների հետ հարաբերությունների մասին

Պատերազմը չի ավարտվել, կան նոր մարտահրավերներ․քննարկման 
մասնակիցները խոսել են առկա իրավիճակի և հարևանների հետ 
հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանն ավանդաբար Հարավային Կովկասը համարել է Ռուսաստանի ազդեցության գոտի, իսկ Հայաստանն անվտանգային առումով ամբողջ հույսը կապել է ՌԴ-ի հետ,  մինչդեռ հիմա ՀՀ-ի նկատմամբ Իրանի մոտեցումների մեջ լրջագույն տեղաշարժեր են նկատվում, որոնք ավելի ակնառու կերպով արձանագրվել են դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի կողմից կազմակերպված «Անավարտ պատերազմ. նոր մարտահրավերներ» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտնեց իրանագետ, պ.գ.թ. Սարգիս Մկրտչյանը։

MkrtchyanMXO_7527.JPG (627 KB)

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև համագործակցության տնտեսական, գիտակրթական, զբոսաշրջային, ռազմական և այլ ոլորտների մակարդակը կարող է շատ ավելի բարձր լինել, քան է այս պահին, ուստի փոխգործակցության խորացմանն անհրաժեշտ է վերաբերվել ավելի լուրջ։

«Իրանում տարբեր տվյալներով ապրում են 15 միլիոն թյուրքախոսներ, այդ երկրում կան պանթուրքական հոսանքներ, որոնք ներթափանցել են պետական բազմաթիվ հաստատություններից ներս՝ սկսած Իրանի խորհրդարանից, վերջացրած արտաքին գործերի նախարարությամբ։ Իրանի պարագայում ամբողջությամբ հայամետ կեցվածք ընդունելու համար կան որոշակի խոչընդոտներ, որոնցից են այդ երկրում ապրող թյուրքախոսների գործոնը և պանթուրքական հոսանքների առկայությունը, որոնք ծավալուն քարոզչություն են իրականացնում Թուրքիայի և Ադրբեջանի օգտին և երբեմն էլ Իրանի քաղաքական էլիտայի կողմից որոշումներ կայացնելու գործում որոշակի դերակատարություն ունեն։ Իրանցիների հավաստմամբ՝ Բաքվում իրանցի դեսպաններից թերևս մեկ-երկու հոգի չեն ընկել պանթուրքիզմի ազդեցության տակ, սակայն 2020 թվականի պատերազմից հետո փորձ է արվում գնված գործիչներին հեռացնել որոշում կայացնող կենտրոններից»,- նշեց Մկրտչյանը։

Այսօր Իրանը հայտարարում է, որ ՀՀ-ի հետ ունի մի քանի հազար տարվա սահման, դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, Հայաստանի հետ պետական սահմանն իր համար կարմիր գիծ է և չի հանդուրժելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկումը։ Մկրտչյանի կարծիքով՝ Իրանն այս ամենն անում է իր ազգային շահերից ելնելով և այդ համատեքստում պետք է դիտարկել նաև 2020 թվականի պատերազմից հետո Իրանի քաղաքականության ուղենիշերից մեկը՝ Սյունիքում հյուպատոսության բացումը։ Իրանի կողմից փորձ է արվում այդ մարզում իրականացնել խոշոր տնտեսական նախագծեր։

Մյուս զեկուցող, ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Արմեն Մարուքյանն անդրադարձավ ստեղծված իրավիճակում հայ-թուրքական հարաբերություններին, որոնք տակավին չեն կարգավորվել զուտ այն պատճառով, որ թուրքական կողմի առաջ քաշած նախապայմանները մնում են Անկարայի օրակարգում և դեռ դրանց էլ ավելացել են նոր նախապայմաններ։    

MaruqyabnMXO_7586.JPG (610 KB)

«Խոսքն արցախյան հիմնահարցում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն էր ՀՀ-ի կողմից և զինուժի դուրսբերումը ԼՂ-ից։ Երկրորդ՝ հայկական պահանջատիրությունից հրաժարումն ու Արևմտյան Հայաստանի վերաբերյալ որևէ պահանջ չառաջադրելը։ Եվ երրորդ՝ հայկական սփյուռքի վրա ճնշում գործադրելը, որպեսզի մեր հայրենակիցները դադարեցնեն հակաթուրքական քարոզչությունը, որի տակ ընկալվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման  գործընթացից հրաժարվելը»,- ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այսօր էլ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ լուրջ քայլ չի արվում։ Ավելին՝ 2020 թվականի պատերազմից հետո Անկարան Բաքվի հետ առաջ է քաշում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման պահանջը, որը հերթական նախապայմանն է։

«Այն, ինչ վերջին օրերին տեսանք Լեռնային Ղարաբաղում, ըստ էության նույն սցենարով իրականացված էթնիկ զտման թուրքական քաղաքականություն է, որում մեր երկու հարևաններն արդեն հմտացել են և այդ գործընթացն ուղղորդում են տեղեկատվական պատերազմով և հակահայկական քարոզչությամբ։ Մենք պետք է սթափվենք և փորձենք չկրկնել անցյալի սխալները»,- ասաց Մարուքյանը՝ հընթացս կարևորելով ՀՀ-ում հանգրվանած Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում փաստահավաք խմբի ձևավորումը, որի աշխատանքը պետք է օգտագործվի ՄԱԿ-ի միջազգային դատարանում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանք առաջադրելով Ադրբեջանի դեմ՝ վերջինիս պատասխանատվության ենթարկելու նպատակադրությամբ։  

Քննարկմանը ներկա մյուս զեկուցող, ՌԴ-ում Հայաստանի նախկին հյուպատոս Հրայր Կարապետյանն իր հերթին նշեց, որ Ադրբեջանին հաջողվել է Ռուսաստանում լրացնել բացը՝ կատարելով լոբբիստական մեծածավալ աշխատանք, ինչի արդյունքում կաշառքի միջոցով կամ տնտեսական շահերի զուգորդմամբ կարողացել են առաջ մղել իրենց օրակարգային հարցերը։  

KarapetyanMXO_7554.JPG (655 KB)

«Արցախյան հիմնահարցը պետք է շարունակ պահել քաղաքական օրակարգում, այստեղ պետք է գործի ԼՂ-ի վտարանդի կառավարությունը, մեր բոլոր լոբբինգային հնարավորություններով պետք է հարցը բարձրացնենք միջազգային ատյաններում, որպեսզի ճանաչվեն վերջին էթնիկ զտումները։ Այո հիմա իրավիճակն աղետալի է, սակայն չի բացառվում, որ վաղը կարող է ամեն ինչ փոխվել, մանավանդ որ դրա նշանները որոշ չափով նշմարվում են։ Մենք չէ, որ պետք է բացատրենք ՌԴ-ին, թե որն է նրա շահը։ Պարզապես կյանքն է իր ուղղումներն ու շտկումները մտցնելու։ Ակնհայտ է, որ պանթուրանական ծրագրերի իրականացումը միանշանակ չի բխում ՌԴ-ի կենսական շահերից։ Պատահական չէ, որ Թուրքիայի հետ գազային մեգանախագիծն արդեն չեղարկվել է, որին կարող են հետևել այլ իրադարձություններ»,- նշեց Կարապետյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքականության մեջ Հայաստանը պետք է ընտրի այն բևեռը, որի շնորհիվ կարող է հոգալ իր անվտանգային խնդիրներն ու տնտեսական կարիքները, ինչպես նաև առաջարկի ճանապարհային քարտեզ, թե ինչպես կարող է ետ բերել կորցրածը։    

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]