Քաղաքականություն

ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թայնի Քոքսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի գործած հարձակումը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ։

«Խորապես ցնցված եմ այսօր Լեռնային Ղարաբաղում նոր և ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի կառավարության որոշման առնչությամբ: Ժամերի ընթացքում դա հանգեցրեց վիրավորների և զոհերի խաղաղ բնակչության շրջանում:

Խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել կրակն իրենց կողմից։ Ամիսներ շարունակ մենք ականատես էինք լինում և կոչ էինք անում վերջ տալ տարածաշրջանում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով»,- ասվում է ԵԽԽՎ նախագահի հայտարարության մեջ։

Նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հարձակումը գնահատել է որպես լուրջ հարված Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու հեռանկարներին։

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միմիայն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բարի կամքի ազդանշանների միջոցով, կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուրի իրավունքները»,- ասվում է հայտարարության եզրափակիչ մասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում