Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Tiffany & Co.-ն, Cartier-ը, Hermes-ը և այլ հայտնի բրենդներ գնում են Հայաստանում մշակված ադամանդներ. ԷՆ պաշտոնյա

Tiffany & Co.-ն, Cartier-ը, Hermes-ը և այլ հայտնի բրենդներ գնում են Հայաստանում 
մշակված ադամանդներ. ԷՆ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ադամանդագործության ոլորտում ակտիվություն է նկատվում, գարնանն արդեն երկրում արտադրական գործընթաց է սկսել ադամանդի վերամշակման հնդկական մի գործարան, Հայաստանում արտադրություն հիմնելու ցանկություն ունեցողներ էլի կան, այս պահին բանակցություններ են ընթանում: Ոլորտի ակտիվության մասին են խոսում նաև Հայաստանից թանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին ամիսներին Հայաստանից արտահանված ապրանքների ամենամեծ մասնաբաժինն են կազմում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը: Օրինակ՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից արտահանվել են  508 մլն 61.2 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.9 անգամ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ոլորտների վարչության պետ Արևիկ Մարգարյանն այս արտադրատեսակների արտահանման աճը կապեց հիմնականում հենց ադամանդի և ոսկու ձուլակտորների, ոսկերչական արտադրանքի արտահանման հետ: Ըստ նրա՝ աճը պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական վիճակով, այնպես էլ երկրում հիմնված ադամանդագործական ընկերությունների աշխատանքով:

«Հնդկական VDA Diamonds ընկերությունը Հայաստանում հաշվառվել էր դեռ 2022 թ հուլիսից, իսկ այս տարվա ապրիլի սկզբից արդեն սկսել են արտադրական գործընթացն Աբովյանում: Այն հանդիսանում է հնդկական ընկերության մասնաճյուղը Հայաստանում: Ընկերությունը 10 մլն դոլարի ներդրում է կատարել Աբովյանում»,-ասաց Մարգարյանը:

Ընկերությունը ներկրել է սարքավորումներ, հրավիրել մասնագիտական աշխատուժ: Բացի այդ՝ աշխատանքներ են տանում հայաստանցիներին ևս կրթելու ու ներգրավելու աշխատանքներում: Ուսումնական այդ ծրագրի ուղղությամբ հիմա աշխատանքներ են ընթանում Էկոնոմիկայի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ու ընկերության ներգրավվածությամբ:

Գործարանի պաշտոնական բացումը կլինի հավանաբար, սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ Հայաստանում ադամանդագործության ոլորտում ակտիվ գործում է 7-8 ընկերություն: Մարգարյանը նշեց՝ օրինակ՝ ալմաստի վերամշակմամբ զբաղվող ADM Diamonds հայկական ընկերությունն աշխատում է բավականին նորարարական տեխնոլոգիաներով, այն տարածաշրջանում առաջատարն է «երևակայական» (fancy) տաշվածքի պատրաստման առումով:

«Ոլորտում գործում է «Հայ-ալմաստ» ՓԲԸ-ն, որը վերամշակող ընկերությունների առաջարկին համապատասխան, օրինակ՝ «Ալռոսա»-ից ներմուծում է անմշակ ադամանդն ու տրամադրում նրանց»,-ասաց վարչության պետը:

Հայաստանից ադամանդ արտահանվում է հիմնականում ԱՊՀ, ԵԱՏՄ, որոշակի՝ նաև այլ երկրներ: Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանից ԵԱՏՄ երկրներ է արտահանվել ավելի քան 34 մլրդ 829 մլն դրամի ադամանդ՝ 2021-ի ավելի քան 17 մլրդ 351 մլն դրամի նկատմամբ: Իսկ այլ երկրներ նախորդ տարի արտահանվել է 727 մլն 244  հազար դրամի ադամանդ, սա մոտ է 2021-ի ցուցանիշին:

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան վստահեցնում է՝ որակյալ աշխատուժի շնորհիվ Հայաստանում որակյալ արտադրանք է տրվում: «Tiffany & Co.-ն, Cartier-ը, Patek Philippe-ը, Hermes-ը և այլ հայտնի բրենդներ Հայաստանում մշակված ադամանդներն են գնում: Ոլորտում գործում են, օրինակ՝ «Արևակն», «Շողակն» ընկերությունները, որոնցից էլ հենց Tiffany & Co.-ն և այլ առաջատար միջազգային ընկերություններ պաշտոնապես գնում են ադամանդները: Իրենք ապահովում են այդ որակը»,-ասաց Մարգարյանը:

Նախարարությունը շփման մեջ է Հայաստանում ադամանդագործական ընկերություններ հիմնելու ցանկություն ունեցող այլ ներդրողների հետ ևս: Նա վստահեցրեց՝ առաջիկայում ոլորտում կրկին ներդրումներ կլինեն, բանակցություններ են ընթանում որոշ հնդկական ընկերությունների հետ:

«Իրենք հաշվի են առնում, որ մեր մասնագիտական ներուժն է բավականին համապատասխանում ադամանդագործությանը: Օրինակ՝ կազմակերպություններից մեկը գործարաններ ունի նաև Ռուսաստանում, նկատել են՝ աշխատողների մեջ շատ են հայերը, որոնք շատ լավ են ադամանդի վերամշակման բոլոր աշխատանքներ0ում: Նաև այդ պատճառով համարել են, որ նոր գործարանի համար ավելի հարմար է Հայաստանը: Նաև մեր տնտեսական իրավիճակն է իրենց ձեռնտու, կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերի իրականացումը՝ ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց, տնտեսության արդիականացման և գերակա ոլորտներում սարքավորումների ներկրման մաքսատուրքից ազատման ծրագրերը, որոնք նպաստում են նոր ներդրումներին»,-ասաց պաշտոնյան:

Բացի այդ՝ կառավարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման 5 գերակա ոլորտների հայեցակարգը, որտեղ թանկարժեք մետաղների և քարերի ուղղությունը դիտարկվել է որպես ռազմավարական: Այսպիսով, ըստ Մարգարյանի, ոլորտի քաղաքականությունը,  ռազմավարությունների մշակումը և դրանից բխող միջոցառումների ծրագրերը, որոնք պետք է պետությունը կիրարկի, նպաստելու են բարենպաստ դաշտին ու ոլորտի զարգացմանը:

Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանից թանկարժեք մետաղների արտահանմանը, ապա արտահանվում են հիմնականում ոսկու ձուլակտորներ, ոսկերչական արտադրատեսակներ, զարդեր: Նախարարությունն արտահանողների հետ անմիջական կապի շնորհիվ տեղյակ է, թե հիմնականում որ ուղղություններով են արվում արտահանումները:

«Ոսկերչական իրերի հիմնական արտահանման երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, այլ ԱՊՀ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ն, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան, Բելգիան և այլ երկրներ»,-ասաց Մարգարյանը:

Օրինակ՝ 2022 թվականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ են գնացել 2 մլրդ 129 մլն 679 հազար դրամի ոսկերչական զարդեր՝ 2021-ի 1 մլրդ 661 մլն 709 հազար դրամի նկատմամբ: Այլ երկրներ արտահանվել են 1 մլրդ 537 մլն 451 հազար դրամի ոսկերչական զարդեր՝ 2021-ի 1 մլրդ 855 մլն 213 հազար դրամի նկատմամբ:

Ի տարբերություն ադամանդագործության ոլորտի, որտեղ գործում է «Հայ-ալմաստ»-ը՝ ոսկերչության ոլորտում չկա կոնսոլիդացված պահանջարկը սպասարկող ընկերություն, սակայն նախարարությունը մտադիր է նույն մեխանիզմը ներդնել նաև այդ ոլորտում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]