Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայկ Մամիջանյանին չի հետարքրքում, թե ՔՊ-ն ինչպես կքվեարկի ՄՊՀ անդամի պաշտոնում ընդդիմության ներկայացրած թեկնածուին

Հայկ Մամիջանյանին չի հետարքրքում, թե ՔՊ-ն ինչպես կքվեարկի ՄՊՀ անդամի 
պաշտոնում ընդդիմության ներկայացրած թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին չի հետաքրքրում, թե իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ինչպես կքվեարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի իրենց թեկնածուի օգտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած թեկնածու Անահիտ Սարգսյանի թեկնածության քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ «Պատիվ ունեմ»-ը չի քվեարկում անգամ այն նախագծերին, որոնք դրական հետևանք են ունենում: «Այսինքն՝ անկախ նրանից՝ նախագիծը լավն է, թե վատը, եթե նախագիծը ներկայացվել է կառավարության կողմից, դուք դրան կողմ չեք: Այսինքն՝ դուք հարցերին չեք նայում բովանդակային առումով, բոլոր որոշումները դիտարկում եք քաղաքական պրիզմայով, ինչն, իհարկե, ձեր իրավունքն է: Եթե ձեր օրակարգը հիմնականում քաղաքական հակամարտության հիման վրա է, ի՞նչ խնդիր եք դուք լուծելու և ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ տնտեսական մրցակցության հանձնաժողովում ձեր թեկնածուն ունենալով»,-հարցրեց Թունյանը:

Մամիջանյանը պատասխանեց՝ վստահ են, որ Անահիտ Սարգսյանի նման պրոֆեսիոնալը հանձնաժողովում երկրին միայն օգուտ է բերել: «Թե ինչպես դուք նրան կքվեարկեք, ճիշտն ասած, ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց, համենայնդեպս, երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի»,-ասաց Մամիջանյանը:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած բոլոր նախագծերին կողմ չքվեարկելուն՝ պատգամավորը տեսակետ հայտնեց, որ այն օրենքները, որոնք իշխանությունն է իրականացնելու, շատ վատ հետևանքներ են ունենում, նույնիսկ ամենաբարվոք օրենքներն իրականացվում են մեծ բացթողումներով, որ իրենց համար ձեռնպահ քվեարկությունը միակ հնարավոր տարբերակն է:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց՝ Մամիջանյանը գիտի, որ թեկնածուն կընտրվի, եթե իշխանական ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկի, չի ընտրվի, եթե չքվեարկի: «Հետևաբար, ձեզ հետաքրքրո՞ւմ է ձեր ներկայացրած թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ: Ձեր ասածից բխում է, որ դա Ձեզ չի հետաքրքրում»,-հարցրեց Ռուբինյանը:

Մամիջանյանը կրկնեց՝ ՀՀ-ին և այդ ինստիտուտին օգուտ կլինի, եթե կոմպետենտ թեկնածու Անահիտ Սարգսյանն աշխատի այդ հանձնաժողովի կազմում: «Ես մինչև այսօր խոսքի ու գործի շեղում, կարծում եմ, երբեք չեմ առաջացրել: Եվ, եթե ես ասում եմ, որ չեմ ընկալում ձեզ որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ ձեր քվեարկությունը չի հետաքրքրում: Իրոք ակնկալիք ունեի՞ք, որ ես պետք է գամ ու խնդրեմ քվեարկել մեր թեկնածուի օգտի՞ն: Ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք, հակառակ դեպքում կտուժի հանձնաժողովը»,-ասաց Մամիջանյանը:

Ռուբինյանը կրկնեց հարցը՝ արդյոք Մամիջանյանին հետաքրքրո՞ւմ է իրենց ներկայացրած թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ: «Ինձ հետաքրքրում է Անահիտ Սարգսյանի հանձնաժողովի անդամ դառնալը, որովհետև վստահ եմ, որ որպես կոմպետենտ մասնագետ կկարողանա իր փորձը ներդնել իր աշխատանքային գործունեությունը որակյալ իրականացնելու համար: Իսկ թե դուք ոնց եք քվեարկելու, ինձ հետաքրքրում է մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»,-պատասխանեց Մամիջանյանը:

Ռուբինյանն էլ, դիմելով թեկնածուին, ասաց. «Ավելի լավ էր՝ Ձեզ չներկայացներ Հայկ Մամիջանյանը, ինչն ի դեպ, չի նշանակում, թե մենք որոշում ունենք Ձեր մասով: Մյուս անգամ, երբ մեկը Ձեզ ներկայացնելու լինի, խորհուրդ կտամ՝ այլ մարդ լինի: Կարծում եմ՝ մյուս անգամ այլ մարդու կամ խմբակցության պետք է ընտրեք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am