Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են 
ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծառայությունների ազատ առևտուր և ներդրումային գործունեություն նախատեսող համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին Սոչիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը։

«Մենք ստորագրել ենք մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը: Ամենանշանակալին ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների սահմանման, գործունեության և իրականացման մասին համաձայնագրի ստորագրումն է», - ասել է նա:

Պաշտոնյան նշել է, որ այս փաստաթղթի նախագծի վրա աշխատանքներ են տարվել մոտ 10 տարի։ Ժապարովի խոսքով՝ այս համաձայնագիրը կնպաստի «ԱՊՀ ծառայությունների և ապրանքների ազատ առևտրի գոտու կայուն զարգացմանը» և միավորման անդամ երկրների հետագա տնտեսական աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

«Մեր կողմից այսօր ստորագրված ևս մեկ ոչ պակաս կարևոր համաձայնագիր է ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին համաձայնագիրը՝ ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի տվյալների փոխանակման հարցում։ Համաձայնագիրը մշակվել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կառավարման խնդիրների, արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, ռադիացիոն անվտանգության վիճակի մասին բնակչությանը ժամանակին տեղեկացնելու խնդիրների արդյունավետ լուծման նպատակով», - պարզաբանել է նա։

Բացի այդ, Սոչիում կայացած հանդիպման ընթացքում մի շարք որոշումներ են ընդունվել արդյունաբերական համագործակցության, մշակութային-հումանիտար ոլորտի վերաբերյալ։

«Մենք հաստատել ենք ԱՊՀ երկրների Սպարտակիադայի կանոնակարգը առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների շրջանում: Սպարտակիադայի ամենամյա անցկացումը թույլ կտա ընդլայնել Համագործակցության անդամ երկրների հնարավորությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնման համար», - հստակեցրել է Ղրղզստանի կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am