Ընդդիմությունը պատրաստվում է պայքարի նոր փուլ սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունը չի պատրաստվում համակերպվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմությունը պատրաստվում է պայքարել մինչև վերջ։
«Հայաստանի բոլոր քաղաքացիները, քաղաքական ուժերը ունեն ընդամենը 5-6 ամիս ժամանակ։ Այս իրավիճակի հետ չենք համակերպվելու, չենք հանձնվելու, պայքարելու ենք մինչև վերջին շունչը»,- ասաց Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ իրականության հետ որևէ կապ չունեն այն խոսակցությունները, որ ընդդիմությունը հեռացել է իր օրակարգից, պայքարը դադարել է։
Նրա խոսքով՝ ընդդիմության խնդիրն է նոր թափով, նոր ուժով Հայաստանում և սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատրաստել լայն համաժողովրդական անհնազանդության։
«Դաշնակցությունը ունի իր պատկերացումները և փողոցային պայքարի և առաջիկա անելիքների վերաբերյալ։ Մենք մեր առաջարկները կքննարկենք մեր գործընկերների հետ։ Հստակ է՝ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, և հստակ է նրա ժամանակացույցը։ Ընդդիմությունը ևս պետք է հստակեցնի իր ժամանակացույցը ու գործողությունները և պայքարը շարունակի»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ մինչև այդ Հայաստանում և Արցախում պետք է լինեն բողոքի ակցիաներ և ցույցեր։