Քաղաքականություն

Ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար. Էդգար Ղազարյան

2 րոպեի ընթերցում

Ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ԱԺ գնացել է ոչ թե ընտրվելու, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազարյանն այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր եզրափակից ելույթում:

Էդգար Ղազարյանը նշեց, թե ընդդիմությունը չի առաջադրել իրեն, իրեն առաջադրել է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական դաշինքը: «Խորհրդարանական ընդդիմությունը փորձել է առաջադրել այլ թեկնածուների, բայց այդ թեկնածուները հասկացել են, թե ովքեր պետք է քննարկեն իրենց թեկնածությունը (հեղ.-ցույց է տալիս իշխանական պատգամավորներին), նրանք չեն համաձայնվել հայտնվել այստեղ: Իսկ ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար: Ես եկել եմ, որովհետև համերաշխ չեմ այս իրողության համար: Եվ ես պայքարելու եմ այս իրողությունը վերացնելու դեմ: Սա է այստեղ գալու իմ առաքելությունը»,-ասաց Ղազարյանը:

Ղազարյանի կարծիքով՝ ՄԻՊ-ի լավագույն թեկնածուներ կան, ինքն անձամբ կառաջադրեր նրանց, երբեք որևէ հավակնություն չէր ունենա, սակայն առաջարկվել է, նրանք մերժել են՝ ընդամենը գնահատելով այս իրողությունները: «Ես եկել եմ այս իրողությունները փոխելու համար»,-նշեց նա:

Հանձնաժողովի նիստն ընթանում է թեժ մթնոլորտում, իշխանական պատգամավորները, ՄԻՊ՝ ընդդիմության թեկնածուն ու հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պարբերաբար վիճում են: Ընդդիմությունից նիստին ներկա է միայն Թագուհի Թովմասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում