Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային 
ոլորտներում փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 23-ին հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, կոմիտեի նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի։

«Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության որդեգրած ուղենիշերը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը և առաջնահերթությունները, ինչպես նաև հարկային և մաքսային ոլորտներում վարչարարության հիմնական գործիքակազմը։ Նախագահը ներկայացրել է նաև ամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը և այդ շրջանակում առկա ծրագրերի լայն օրակարգը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան կողմի աջակցությամբ վերակառուցված ՊԵԿ շնագիտական կենտրոնի համատեղ բացման միջոցառում անցկացնելու հնարավորությանը։

Դեսպան Քրիստինա Քվինը բարձր է գնահատել կողմերի միջև մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում համագործակցությունը և վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը հետագա աշխատանքների շարունականության հարցում։ Դեսպանն, ի թիվս այլ առաջնահերթությունների, հատկապես կարևորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ամերիկյան կողմի հանձնառությունը և հայկական կողմի հետ համագործակցությունը»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը բարձր են գնահատել ԱՄՆ դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Նշվում է, որ երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am