ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քվեարկությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Համարում ենք, որ հարցի քննարկումից հետո անհրաժեշտ չի քվեարկության մասնակցելը, որովհետև լեգիտիմ չենք համարում այն մեղադրանքները, որոնք հնչել են»,- ասաց Կոնջորյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սեդա Սաֆարյանը սահմանված ժամկետում պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել է իր՝ որպես ձեռներեց գործունեության դադարեցման վերաբերյալ։
«Դա նշանակում է, որ Սեդա Սաֆարյանը պետությանը պատշաճ կերպով իրազեկել է, որ այլևս դադարում է զբաղվել փաստաբանական ծառայություններով։ Շեշտեմ, որ էական խախտում չկա և դրա հիմքով է, որ չենք մասնակցելու այդ քվեարկությանը։ Եթե լիներ էական խախտում, մենք շահագրգռված կլինեինք ընթացակարգերին հետևողական լինելու»,- եզրափակեց Կոնջորյանը։
«Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Նախագծի համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, նաև մամուլում այլ հրապարակումները, ըստ որի՝ Սեդա Սաֆարյանը, ընտրվելով ՍԴ դատավոր, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։