Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կոչեր տարածած միջազգային կառույցներն իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար. Աբրահամյան

Կոչեր տարածած միջազգային կառույցներն իրենց պոտենցիալի քիչ մասն են 
կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ միջազգային կառույցները, որոնք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման  առաջին օրերին հայտարարություններ, կոչեր տարածեցին, այս պահին իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու և իրավիճակի որոշակի հանգուցալուծմանը հասնելու համար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

Պատգամավորը նկատեց՝ անկախ այն հանգամանքից, որ ստեղծված իրադրությունն առաջին հերթին քաղաքական ճգնաժամ է ու ենթադրում է քաղաքական հանգուցալուծում, սակայն, որպես հետևանք՝ Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը գնալով ծայրահեղ բնույթ է ստանում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հումանիտար բնույթի տարբեր խնդիրներ է փորձում լուծել՝ հատկապես դեղորայքի և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների Հայաստան տեղափոխման հարցում: Սակայն Աբրահամյանը նկատեց, որ ԿԽՄԿ-ի ջանքերը բավարար չեն նույնիսկ նվազագույն խնդիրներ լուծելու համար: «Միջազգային դերակատարները, կառույցները, որոնք առաջին օրերին հայտարարություններ, կոչեր տարածեցին, այս պահին իրենց հնարավորությունների քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու և իրավիճակի որոշակի հանգուցալուծմանը հասնելու համար»,-ասաց  պատգամավորը:

Նա նշեց, որ չնայած հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոշ հասցեական հայտարարություններ հնչել են, սակայն որևէ շարունակություն այդպես էլ չի եղել: Ընդդիմադիր պատգամավորը մեղադրեց նաև Հայաստանի իշխանությանը՝ միջազգային դերակատարների, կառույցների հետ հետևողական աշխատանք չտանելու մեջ: Նա անբավարար գնահատեց արտաքին աշխարհի հետ աշխատանքում Հայաստանի իշխանությունների իրականացրած ջանքերը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am