Ընդդիմադիր խմբակցությունները մասնակցեցին ԱԺ հայտարարությունների ժամին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տևական ժամանակ Ազգային ժողովի նիստերը բոյկոտելուց հետո հոկտեմբերի 25-ին մասնակցեցին ԱԺ հայտարարությունների ժամին. ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան ելույթներով՝ հատկապես արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտներում իշխանության գործողությունները քննադատելով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ խաղաղության գործընթացին: Նա իշխանությանը մեղադրեց Արցախի հարցով բանակցությունները ձախողելու, նաև նախընտրական խոստումներից հրաժարվելու մեջ:
Թադևոս Ավետիսյանն էլ իշխանությանը մեղադրեց տնտեսական անվտանգության սպառնալիքների նվազեցման և չեզոքացման գործընթացը ձախողելու մեջ: «Իշխանությունն իր վերջում ծրագրում ամրագրել էր, որ մեր տարածաշրջանում տնտեսական ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը Հայաստանի կայուն տնտեսական զարգացման հիմնապայման պետք է լինեն: Արդեն ամբողջանում է պատկերը, որ այս ծրագրային դրույթը ևս ձախողվում է»,-տեսակետ հայտնեց պատգամավորը:
Ըստ նրա՝ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նոր կոմունիկացիաներից: Պատգամավորը տնտեսական անվտանգության նոր սպառնալիքներ է տեսնում: Ըստ պատգամավորի՝ Հայաստանի արտաքին տնտեսական զարգացման հիմնական առավելություններն ու ավանդական ուղղությունները՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հնդկաստան, անտեսվում են, այսպիսով երկիրը կորցնում է բարեկամ և ռազմավարական դաշնակից երկրների հետ տնտեսական կապերի խորացման առկա իրական ներուժը:
Ագնեսա Խամոյանն էլ անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին: Նա քննադատեց իշխանություններին Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինիմուտքը Հայաստան արգելելը՝ նշելով, որ Զատուլինը հայամետ դիրքորոշումներով հանդես եկող գործիչ է: