Քաղաքականություն

Չեմ կարծում, որ Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք խաղաղության փաստաթղթի մեջ. ՀՀ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Չեմ կարծում, որ Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք խաղաղության փաստաթղթի մեջ. ՀՀ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին։ Ինչ վերաբերվում է խաղաղության փաստաթղթին՝ նման փաստաթուղթ գոյություն չունի, և չկա որևէ օրինակ, որի մասին կարող ենք խոսել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Միևնույն ժամանակ եկեք մի բան ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից: Խոսքն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին է»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ խաղաղության պայմանագրով, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը զրկվի ինքնորոշման իրավունքից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Տեսեք, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռ 1991 թվականին և նաև հետագայում ստորագրված փաստաթղթեր կան, որտեղ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր երբևիցե տարածքային պահանջ չի ունեցել, խոսքը վերաբերել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքին։ Սրանք իրավունքների հարցեր են և, չեմ կարծում, որ ընդհանրապես Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք փաստաթղթի մեջ։ Դա իմ անձնական կարծիքն է»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե որը կլինի Հայաստանի իշխանության կարմիր գիծը, ԱԺ նախագահը պատասխանեց.

«Դե հիմա փաստաթուղթ չկա, ինչ-որ կարմիր գծերի մասին խոսե՞մ։ Միջազգային նորմերի հիման վրա պատրաստ ենք կնքել խաղաղության պայմանագիր»,- հավելեց Սիմոնյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում