Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր հնարավորություն՝ որպես աշխարհագրական նշում գրանցելու և հայկական մածունը հենց այդ մակնշմամբ արտահանելու համար

Նոր հնարավորություն՝ որպես աշխարհագրական նշում գրանցելու և հայկական 
մածունը հենց այդ մակնշմամբ արտահանելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որի ընդունումը թույլ է տալու, որ, օրինակ, հայկական «Մածուն»-ը  որպես աշխարհագրական նշում (GI) ձևակերպվի և հենց այդ մակնշմամբ Վրաստանի տարածքով անարգել անցնի արտաքին շուկաներ: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Դեռ այս տարվա սկզբին «Արմենպրես»-ը գրել էր բարձրացված այն խնդրի մասին, որ հայկական արտադրության մածունը «Մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «Մացոն»-ին ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես, օրինակ, Ֆրանսիայում կոնյակն ու գինին են: Հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ:

«Օրենքով «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման իրավունք ունի միայն տվյալ արտադրանքն արտադրողների կամ վերամշակողների խումբը, մինչդեռ, օրինակ, Վրաստանում արտադրողների կամ վերամշակողների խմբից բացի «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի նաև պետությունը»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ հայկական ագրոպարենային արտադրանքի, գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես «աշխարհագրական նշումով» արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել և իրացնել զգալիորեն բարձր գներով՝ արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ: «Մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում: Այսօրվա դրությամբ գրանցված միակ «աշխարհագրական նշումով» արտադրանքը Սևանի իշխանն է»,-ասաց նա:

Անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ Քերոբյանն ասաց, որ գինեգործները երբեմն դժվարությունների են հանդիպում արտահանելիս:

«Կախեթ գինու հետ կապված քննարկումներ են եղել: Վրաստանը կախեթը արդեն գրանցած լինելով որպես «աշխարհագրական տեղանուն»՝ փորձում է երրորդ երկրների շուկաները պաշտպանել՝ տրանզիտային ճանապարհի սահմանափակում մտցնելով: Այդ հարցը վերաբերում է նաև «Մացուն»-ին և այլ ապրանքների: Այս օրենքի ընդունումը  թույլ է տալու, որ մենք, օրինակ, «Մածուն»-ը մեզ մոտ ևս գրանցենք որպես աշխարհագրական տեղանուն, հետո այդ աշխարհագրական տեղանունը նաև գրանցենք միջազգային հարթակներում: Եվ հետո Վրաստանի հետ աշխարհագարական տեղանունների փոխճանաչման համաձայնագիր ստորագրելուց հետո մենք ընդունենք իրենց մածունը, իրենք՝ մերը, դրանից հետո կարողանանք անարգել անցնել Վրաստանի տարածքով և արտաքին շուկաներում հավասարաչափ ցուցադրվել և վաճառվել»,-ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am