Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Լուսանկարչական ցուցահանդեսով և համերգային ծրագրով Երևանում նշվեց Մոսկվայի տոնը

Լուսանկարչական ցուցահանդեսով և համերգային ծրագրով Երևանում նշվեց Մոսկվայի տոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվան պարզապես քաղաք չէ…» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսում այցելուները կարող են տեսնել Ռուսաստանի մայրաքաղաքի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Մոսկվայի 875-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 10-ին «Դոմ Մոսկվի» կենտրոնում:

Կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը տեղեկացրեց, որ լուսանկարները տրամադրել է Ռուսական աշխարհագրական ընկերությունը: «Այս աշխատանքներում այսօրվա Մոսկվան է, նրա դինամիկան: Երևում է, թե որքան գեղեցիկ է քաղաքը մեր օրերում: Ես հիշում եմ Մոսկվան 90-ականներին, 2000-ականներին, հետո՝ 2010-ին և 2020-ին: Չեք հավատա, բայց եթե Մոսկվայից թռչում եք Երևան, հետո վերադառնում, տեսնում եք, որ քաղաքն արդեն փոխվել է: Այդքան արագ է զարգանում Մոսկվան և համարվում է  աշխարհի լավագույն մայրաքաղաքներից մեկը»,-նշեց Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ 1995 թվականից Մոսկվան և Երևանը գործընկեր քաղաքներ են, և ինքը հպարտ է, որ այս փոխգործակցությունը օգտակար է երկու երկրների համար:

Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և ազգամիջյան թանգարանների վարչության գլխավոր խմբագրի տեղակալ Եվգենի Դրիձեն, որը ներկա էր ցուցահանդեսին, խոստովանեց՝ շատ ուրախ է, որ հայ-ռուսական հարաբերությունները մշտապես կառուցողական ու արդյունավետ են, և «Դոմ Մոսկվի» կենտրոնն այդ գործում մեծ դերակատարություն ունի: «Այն կարևորագույն նախագիծ է, որն արդեն 15 տարի զարգանում Է և բազմաբովանդակ նախաձեռնություններով ու ծրագրերով նպաստում է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը: Կենտրոնը դրական վերաբերմունք է ձևավորում հայերի, Հայաստանի և Երևանի նկատմամբ»,-ասաց Դրիձեն:

Անդրադառնալով ցուցահանդեսին՝ նա ընդգծեց, որ շատ հայեր են եղել Մոսկվայում, ուսումնասիրել են քաղաքը և բավականին դժվար է նրանց ինչ-որ նոր բան ցույց տալ, բայց իրենք փորձում են:

Դրիձեն ծնվել ու մեծացել է Մոսկվայում և այն իր հարազատ քաղաքն է համարում: Ըստ նրա՝ քաղաքը շատ է զարգացել վերջին քսան  տարվա ընթացքում: «Մենք օգտագործել ենք այն բոլոր ռեսուրսները, որոնք ունի Մոսկվան: Կրածում եմ, որ այն նախագծերը, որոնք իրականացվել են մեր քաղաքում, խոսում են այդ զարգացման մասին: Զարգանում են ինֆրակառուցվածքներն ու բիզնեսը»,-հավաստիացրեց նա:

Տոնական օրը եզրափակվեց «Դոմ Մոսկվի» կենտրոնում կազմակերպված «Ռուսական երգի բոլոր երանգները» խորագրով համերգային ծրագրով, որին ելույթ ունեցան «Մոսկվա» ֆոլկլորային կենտրոնի արտիստները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am