Շիմպանզեների` աշխարհի ամենահայտնի մասնագետը պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի մեդալով

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիացի պրիմատոլոգ և մարդաբան Ջեյն Գուդոլը շիմպանզեների ընտանեկան և սոցիալական փոխհարաբերությունների ուսումնասիրման գործում ունեցած երկարամյա ավանդի համար Երևանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում արժանացավ Սթիվեն Հոքինգի մեդալի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գուդոլը, ով չէր կարողացել գալ Երևան, ներկաներին իր խոսքը հղեց տեսանյութի միջոցով։
Նա պատմեց, որ դեռ մանկուց հետաքրքրվել է կենդանիներով ու ցանկություն է ունեցել գրել կենդանիների մասին։ Գիտնականը նշեց, թե ինչպես տարիներ առաջ անվանի պրոֆեսորները դեմ էին հանդես գալիս իր ուսումնասիրություններին՝ հայտարարելով, թե միակ բանական արարածները մարդիկ են, իսկ շիմպանզեները, որոնք իր ուսումնասիրության հիմնական թիրախն էին, չեն կարող ունենալ բանականություն։ «Սակայն ես կարողացա պաշտպանել իմ տեսակետը, որն այսօր լայնորեն ընդունված է։ Մենք՝ մարդիկ, առանձին չենք կենդանի մյուս օրգանիզմներից։ Մենք միակը չենք, որ ունենք զգացմունքներ»,- նշեց գիտնականը։
Նա նշեց, որ շատ է ցավում, որ չարողացավ անձամբ գալ Հայաստան ու շփվել հայաստանցիների, ուսանողների ու դպրոցականների հետ։
Խոսքի վերջում Գուդոլն անդրադարձավ նաև գլոբալ տաքացմանը՝ նշելով․ «Շատ գիտնականներ վախենում են, որ շատ ուշ է մոլորակը փրկել գլոբալ տաքացումից ու դրա հետևանքներից։ Բայց ես կարծում եմ, որ մենք ունենք ժամանակային պատուհան՝ փրկելու ամեն բան և դանդաղեցնելու մոլորակի տաքացումը, քանի դեռ շատ ուշ չէ»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում