Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

STARMUS-ի հաջողության մի մասը Հայաստանի շնորհիվ է, երկրի ապագան գիտությունը և տեխնոլոգիաներն են. Գարիկ Իսրայելյան

STARMUS-ի հաջողության մի մասը Հայաստանի շնորհիվ է, երկրի ապագան գիտությունը 
և տեխնոլոգիաներն են. Գարիկ Իսրայելյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STARMUS  գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնը Հայաստանում է՝ ոգեշնչելու երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին, որովհետև Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը Երևանում STARMUS VI-ի բացմանն իր ելույթում:

Գարիկ Իսրայելյանը նախ ընդգծեց, որ երկար ժամանակ է, ինչ սպասում էին STARMUS -ի անցկացմանը Հայաստանում:

«Ես ոգեշնչվել եմ Հայաստանում: STARMUS-ի հաջողության մի մասը Հայաստանի շնորհիվ է: Ես ոգեշնչվել եմ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանից, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանից, Կոմիտասից, շատ-շատերից»,-ասաց Իսրայելյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախորդ նախագահին, Հայաստանի կառավարությանը՝ STARMUS-ին աջակցելու համար:

Իսկ, թե որն է STARMUS-ի՝ Հայաստանում անցկացման ամենակարևոր ուղերձը՝ Իսրայելանն ասաց. «STARMUS-ը Հայաստանում է, քանի որ ես հավատում եմ, հավատացած եմ, որ Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են: Աշխարհում շատ երկրներ հարուստ են նավթով, գազով, Հայաստանն այդ առումով հարուստ չէ, Հայաստանը հարուստ է մարդկանցով: STARMUS-ն այստեղ է՝ ոգեշնչելու հայկական տեխնոլոգիական հսկաների, հայկական ստարտափերի նոր սերնդին: Սա Հայաստանի պատմության առանցքային պահն է՝ STARMUS-ի նման փառատոնը բերելու այս փոքրիկ երկիր և ոգեշնչելու այս երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին»:

Փառատոնի համահիմնադիրն ընդգծեց՝ հայերը շատ լավ ոգեշնչում են, շատ քիչ մարդիկ գիտեն, որ անձը, որը ոգեշնչել է Սթիվեն Հոքինգին՝ զբաղվելու գիտությամբ, եղել է հենց հայ: «Ավելի ուշ Սթիվեն Հոքինգը ոգշնչեց ինձ՝ հիմնելու STARMUS փառատոնը»,-նշեց Իսրայելյանը:

Իսկ, թե STARMUS-ը ի՞նչ կփոխի Հայաստանում՝ նա պատասխանեց՝ ուզում է մոտ ապագայում՝ հինգ կամ տասը տարի հետո, երբ գիտնական հրավիրեն Հայաստան, դահլիճը լի լինի մարդկանցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am