Քաղաքականություն

Բանգալորում տեղի է ունեցել հայ-հնդկական համաժողով

3 րոպեի ընթերցում

Բանգալորում տեղի է ունեցել հայ-հնդկական համաժողով

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հնդկաստանի տնտեսական-առևտրային կազմակերպության համատեղ ջանքերով օրերս Հնդկաստանի Կարնատակա նահանգի մայրաքաղաք Բանգալորում (գիտական, արդյունաբերական և ՏՏ ոլորտի կենտրոն) տեղի է ունեցել բիզնես համաժողով «Ներդրումների խրախուսում և աճ» կարգախոսով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովին ներկա են եղել շուրջ 70 մասնակիցներ Կարնատակա նահանգի կառավարական, գործարար, ինչպես նաև կրթական և առողջապահական շրջանակներից:

Միջոցառման ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ դեսպանի հետ քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրներն ու հեռանկարները, ներկայացրել մի շարք հետաքրքիր առաջարկներ՝ համատեղ իրագործման նպատակով:

Մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահի ղեկավարած պատվիրակության հայաստանյան այցի դրական արդյունքների լույսի ներքո։

Իր ելույթում ՀՀ դեսպանը խոսել է ավանդաբար լավ երկկողմ քաղաքական հարաբերությունների պատմական հիմքերի մասին և գոհունակությամբ նշել դրանցում առավել դրական մթնոլորտի ձևավորման փաստը վերջին տարիներին, ինչին իր հերթին շատ են նպաստել երկու երկրների ԱԳ նախարարների փոխայցելությունները:

Դեսպան Բաբախանյանը նշել է, որ հարկավոր է բոլոր ջանքերը ներդնել, նախևառաջ, հայկական և հնդկական տարբեր ընկերությունների միջև փոխադարձ ճանաչելիության և վստահության աճի ուղղությամբ: Այդ կապակցությամբ նա կոչ է արել ներկաներին առավել ակտիվ մասնակցել Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին և համաժողովներին:

Միջոցառման ավարտին Հնդկաստանի Եվրասիական առևտրի խորհրդի հանձնակատար Յաթեշ Վենկատեշի և Բանգալորի արվեստի միջազգային փառատոնի տնօրենի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Հաջորդ օրը տեղի է ունեցել Հնդկաստանում Հայաստանի դեսպանի և Կարնատակա նահանգի ՏՏ ոլորտի և բարձրագույն կրթության նախարարի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գիտության, կրթության և ՏՏ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված բազմաթիվ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում