Պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվում է 6 բժշկական կազմակերպության վերակառուցում և կառուցում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է 6 բժշկական կենտրոնների վերակառուցման, կառուցման ֆինանսավորում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Եղեգնաձորի և Մարտունու բժշկական կենտրոնները կառուցվում են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մենք ունենք լրացուցիչ 6 բժշկական կենտրոնների ֆինանսավորում՝ արդեն պետբյուջեի միջոցներով: Դրանցից ամենամեծ ծրագիրը Հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցումն է, որն ընթացքի մեջ է և կավարտվի 4 տարում, հաջորդը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, նաև Սիսիանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի բժշկական կենտրոնները, որոնց 4-ի կառուցման, վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից»,- ասաց Ավանեսյանը:
Իսկ ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոնին, պայմանագիրն ուժի մեջ է մտել, և նախարարը վստահեցնում է, որ շինարարական աշխատանքները կսկսեն իրականացվել անհրաժեշտ ժամկետների պահպանմամբ:
Ըստ նախագծման փաստաթղթերի՝ Սիսիանի բժշկական կենտրոնը պետք է վերակառուցվեր, սակայն շինարարական աշխատանքների ընթացքում սեյսմիկ և այլ ծառայությունների հավելյալ գնահատման պարագայում ծրագիրը վերափոխվել է, և ամբողջությամբ նոր շենք է կառուցվելու: Լուրջ խնդիրներ են եղել շենքի հիմքում: