Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընդդիմադիրները Կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքի մոտ պահանջում էին հանդիպում նախարարների հետ

Ընդդիմադիրները Կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքի մոտ  
պահանջում էին հանդիպում նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին Վազգեն Սարգսյան փողոցում տեղակայված կառավարության մասնաշենքի մոտ: Շենքի մոտ ոստիկանությունը վահաններով պատ էին կազմել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ՝ առաջին հերթին կոչ անելով ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չմտնել:

«Մենք այստեղ ենք մեկ նպատակով, որպեսզի մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան նրանց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների վերաբերյալ: Մոտենում ենք առաջ, բայց շենք չենք շրջափակում: Այս պահին մենք այլ նպատակ ունենք: Հիմա կոչ եմ անում, որ մեր պատգամավորները լինեն առաջին շարքում, իսկ ոստիկաններն ապահովեն պատգամավորների մուտքը շենք, որպեսզի նրանք հանդիպեն նախարարների հետ»,- մանրամասնեց Սաղաթելյանը:

ՀՀ կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արդարադատության նախարարությունները:

Ոստիկանները ժամանակ խնդրեցին, որպեսզի պարզեն՝ կարո՞ղ են թույլատրել պատգամավորների մուտքը շենք: Որոշ ժամանակ անց Իշխան Սաղաթելյանը, դիմելով հավաքվածներին, հայտնեց, որ նախարարները խուսափում են իրենց հետ հանդիպելուց: Նա հավելեց, որ առաջիկա երեք օրերին շարունակելու են այն ընթացքը, որ սկսել են: «Իսկ այս պահին մենք այստեղ այլևս անելիք չունենք: Առաջարկում ենք երթով շարժվել այլ ուղղությամբ»,- ասաց Սաղաթելյանը:

Ընդդիմադիրներն այս պահին երթ են անցկացնում մայրաքաղաքի փողոցներով:

Ընդդիմադիրները նույն նպատակով մայիսի 30-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ էին, սակայն շենք մտնել նրանց չհաջողվեց. Ոստիկանության հետ բախումներ եղան, ինչի հետևանքով 4 անձ, որոնցից երկուսը ոստիկաններ, հիվանդանոց էր տեղափոխվել:

Ընդդիմադիրները փորձելու են պարզել  պետական գերատեսչությունների ղեկավարների դիրքորոշումները հայտարարության մեջ ներառված  հետևյալ սկզբունքների վերաբերյալ.

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am