Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

ԿԲ նախնական պատկերացմամբ՝ տնտեսական աճը կարող է լինել կանխատեսած 1.6 տոկոսից բարձր

ԿԲ նախնական պատկերացմամբ՝ տնտեսական աճը կարող է լինել կանխատեսած 1.6 
տոկոսից բարձր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը հնարավոր է համարում կանխատեսած 1.6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի որոշակի վերանայումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ ԱԺ նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին:

Պապոյանը հետաքրքրվեց՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մարտին ԿԲ-ից կողմից 1.25 տոկոսով բարձրացնելը ԿԲ նախագահը համարում է ճի՞շտ, եթե զարգացումները գնացել են դեպի դրական ուղղությամբ, միգուցե պետք էր ավելի քի՞չ:

Գալստյանն արձագանքեց. «Զարգացումները դրական ուղղությամբ գնալը նպաստելու է գնաճային ֆոնի ավելի ուժգնացմանը»:

 Նա նշեց, որ տնտեսությունը կարող է  աճել ավելի բարձր տեմպերով՝ կանխատեսած 1.6 տոկոսի համեմատ: «Դա բավականին հնարավոր սցենար է,  այս պահի դրությամբ նախնական թվերին նայելով՝ պատկերացում ունենք, որ 1.6 տոկոսի համեմատ կարող ենք ունենալ ավելի բարձր տնտեսական աճ: Եվ, եթե այդ բարձր տնտեսական աճի հետևում կանգնած են լինելու միջազգային այցելուների կողմից իրականացվող ծախսերը, որոնք հավելյալ պահանջարկ են ստեղծելու, գնաճային ֆոնը Հայաստանում ոչ թե թուլանալու է, որի արդյունքում մենք կկարողանանք տոկոսադրույք նվազեցնել և այլն, այլ գնալով գնաճային ֆոնն ուժգնանալու է, որին գումարվելու են արտաքինից եկող գնաճային ճնշումները, նաև ռիսկի պրեմիան: Այդ պարագայում տնտեսական աճի ցուցանիշի որոշակի վերանայում կարող է տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը:

Նա  կարծում է, որ 1.25 տոկոսով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ԿԲ քայլը ոչ միայն համաչափ էր, այլ՝ մեղմ:

ՀՀ կենտրոնական բանկը մարտին վերանայել, իջեցրել էր տնտեսական աճի կանխատեսումը՝ 2022-ի համար 5.3 տոկոսի փոխարեն կանխատեսելով 1.6 տոկոս տնտեսական աճ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]