Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս 2022

Գավառում հանդիսավորությամբ նշվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հիմնադրման 70 տարին

Գավառում հանդիսավորությամբ նշվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի 
հիմնադրման 70 տարին

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքի «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում հանդիսավորությամբ նշվեց հաստատության հիմնադրման 70-րդ տարեդարձը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, հնագետ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը հնագիտական բացառիկ ցուցանմուշներով հարստացրած հնագետ, Երեւանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր  Աշոտ Փիլիպոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի նախկին ու ներկա աշխատակիցներ, հյուրեր եւ այցելուներ։

Թանգարանի գործունեության 70 տարիների պատմությունը ներկայացրեց գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ Ինչպես նշվեց զեկուցման մեջ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1952 թվականին՝ յոթանասուն տարիների ընթացքում գործելով տարբեր հասցեներում։ Նրա հիմնադիր տնօրենը եղել է  երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանը, ով հաստատությունը ղեկավարել է 1972-1973 թվականներին։ Հետագա տարիներին թանգարանը ղեկավարել են Գառնիկ Խաչատրյանը, Խաչիկ Զիրոյանը, Ավետիք Դովլաթյանը։ 1993 թվականից մինչ այժմ թանգարանի տնօրենի պաշտոնում աշխատում է Բյուրեղիկ Հովեյանը։ Թանգարանում պահվող ցուցանմուշների թիվն այժմ հասնում է 9900-ի, որոնք ներկայացված են  քարե, բրոնզե, երկաթե դարերի, ուրարտական եւ հետուրարտական մշակութային արժեքների, հնագույն ու նորագույն կենցաղային իրերի, արհեստների ու արվեստների գործերի, դրամների, լուսանկարների, շքանշանների, այլ նմուշների ու ցուցադրությունների տեսքով։

Թանգարանը գործում է չորս բաժիններով՝ հնագիտության, ազգագրության, նոր եւ նորագույն պատմության, դրամագիտության։ Թանգարանում են ցուցադրվում Խալդի  քաղաքի հիմնադրման մասին ազդարարող Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, որը հայտնաբերվել է հնագետ Թադեւոս Ավդալբեգյանի կողմից, 1927 թվականին, եւ Արտաշիսյան երկու սահմանաքարերը, որոնք հայտնաբերվել են Սարուխան գյուղի տարածքում։ Թանգարանի հիմնադրմանը եւ հարստացմանը ժամանակին օժանդակել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստր Նվարդ Թումանյանը։

Թանգարանը հաճախակի է կազմակերպում միջոցառումներ՝ նվիրված գորգագործությանը, թաղիքագործությանը, մյուս արհեստներին, մարզի պատմական հուշարձանների հանրահռչակմանը, գիտաժողովներին, արվեստի, գրականության, զինվորական գործիչներին։ Թանգարանն այցելուներ է ունենում աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, այլ պետություններից։

Թանգարանի մասին իրենց գրավոր տպավորություններն են թողել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրան, աշխարհահռչակ գիտնական Սամվել Քոչարյանցը, օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, գրող Սերո Խանզադյանը, արվեստագետ Շահեն Խաչատրյանը, ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը, այլ երեւելի անձինք։

Միջոցառումը գեղարվեստական կատարումներով հարստացրին Գավառի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաները, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողները։

Միջոցառման ավարտին այժմ մոսկվաբնակ, արմատներով  գավառցի Մարինե Զազյանը Գեղարքունիքի երկրագիտական թանգարանին նվիրեց Ռուսաստանի Դաշնությունում լույս ընծայված «Հայաստանի տեսարժան վայրերը» պատկերազարդ գիրքը։

Միջոցառման մասնակիցները շնորհավորեցին եւ ծաղկեփնջեր նվիրեցին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի ներկա եւ նախկին աշխատակիցներին։

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]