Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիդերլանդների գործարարների խումբ կգա Հայաստան.Քերոբյանն ամփոփել է Հաագայում գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները

Նիդերլանդների գործարարների խումբ կգա Հայաստան.Քերոբյանն ամփոփել է 
Հաագայում գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն իրականացված նիդերլանդական ներդրումները՝ գործող բիզնեսներն ընդլայնելու, նոր բիզնեսներ հիմնելու հնարավորություններ կան: Հայաստան արդեն հաջորդ շաբաթ կժամանի Նիդերլանդների գործարարների խումբ՝ կոնկրետ բիզնես ծրագրերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝  խոսելով Հաագայում Նիդերլանդների գործարար համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքներից:

«Հանդիպեցինք գործարարների հետ, որոնք արդեն գործունեություն են ծավալում Հայաստանում կամ նախատեսում են շատ շուտով սկսել գործունեություն: Խոսեցինք նոր բիզնես հնարավորությունների և եղած բիզնեսներն ընդլայնելու, ավելի լավացնելու մասին»,-ասաց նախարարը:

Քերոբյանը Նիդերլանդների գործարարներին ներկայացրել է կառավարության այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել: «Մասնավորապես պատմեցի մեր տնտեսության արդիականացման ծրագրի մասին, որի ներքո կառավարությունը սուբսիդավորում է նոր սարքավորումների և նոր հոսքագծերի ձեռքբերման վարկերի տոկոսները, որն իհարկե շատ հետաքրքրեց մեր գործընկերներին, ինչպես նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրերի՝ ջերմոցների, անասնապահական ֆերմաների, ինտենսիվ այգիների սուբսիդավորման և քեշբեքի գործիքների մասին, որը ևս շատ հետաքրքիր է իրենց համար»,-ասաց նախարարը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Նիդերլանդների գործարար համայնքին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը: «Ներկայացրեցի, որ չնայած այսպիսի տուրբուլենտ ժամանակաշրջանին՝ 2022 թվականի առաջին եռամսյակին աճել է 9.6 տոկոսով, նաև նախորդ տարվա ներդրումային ցուցանիշը՝ 1 տրլն 370 մլրդ ներդրումներ, որը աննախադեպ բարձր էր Հայաստանի համար»,-ասաց Քերոբյանը:

Իսկ թե Հայաստանի տնտեսությունում ո՞ր ոլորտներն են հատկապես հետաքրքրում Նիդերլանդների ներդրողներին՝ նախարարն առանձնացրեց՝ ամենամեծ ներդրումները գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում են: «Գիտենք, որ Նիդերլանդներում գրանցված բազմաթիվ ընկերություններ ունեն գիտահետազոտական կենտրոններ Հայաստանում: Նիդերլանդական ընկերությունները նաև բավականին ակտիվ են բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտում, որտեղ հանդիսանում են թե ներդրողներ, թե մատակարարներ: Մենք տեսնում ենք, որ ընդլայնելու մեծ հնարավորություններ կան»,-ասաց Քերոբյանը:

Հաջորդ շաբաթ Նիդերլանդների գործարարների մեծ խումբ կլինի Հայաստանում՝ արդեն կոնկրետ բիզնես ծրագրերով: Հայաստան եկող գործարարների թվում կլինեն նաև հանդիպման մասնակից գործարարներից:

«Մենք հնարավորություն կունենանք նստել, յուրաքանչյուրի հետ քննարկել բիզնես ծրագրերը և փորձել օգնել յուրաքանչյուրին՝ ընդլայնելու իրենց բիզնեսը Հայաստանում կամ ստեղծելու նոր բիզնես»,-ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում  մայիսի 11-ին Հաագայում Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

                                                   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]