Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նրանց մոտ չի ստացվելու. Վարդանյանն անդրադարձավ ընդդիմությանը

Նրանց մոտ չի ստացվելու. Վարդանյանն անդրադարձավ ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահ է, որ ընդդիմությունն իր նպատակին չի հասնելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից իր ելույթում՝ անդրադառնալով ընդդիմադիրների ակցիաներին:

Պատգամավորը նախ անդրադարձավ Իշխան Սաղաթելյանին՝ ընդգծելով, որ ԱԺ նախագահի տեղակալի գործառույթներից է ԱԺ-ի բնականոն գործունեությունն ապահովելը: «Սրան հակառակ` մենք ունենք իրավիճակ, երբ  ոչ միայն չի ապահովվում այդ բնականոն գործունեությունը, այլև ամեն ինչ արվում է, որ այդ բնականոն գործունեությունը խաթարվի, և դա կատարվում է ցանկացած հայտարարությամբ, արտահայտությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ այդ մարդիկ որևիցե կապ չունեն ԱԺ-ի հետ, իրենց պարզապես դիտարկում են արտախորհրդարանական քաղաքացիական ինչ-որ նախաձեռնություն, որը փորձում է բարձրաձայնել ինչ-որ հարց, որը կառավարությունը կամ ԱԺ-ն չեն լսում, և դրան ավելի հստակ անդրադառնալու կարիք է զգացվում»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքին, տեսակետներին, թե բիրտ ուժ է կիրառվում՝ Վարդանյանը դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց, որ այդ ոստիկանական ավտոմեքենաները, ամեն ինչը ձեռք են բերվել այն ժամանակահատվածում, երբ ներկայիս ընդդիմությունը այն ժամանակ որպես իշխանություն դա հարիր է համարել: «Ոստիկանությունը բիրտ ուժ ե՞րբ է կիրառել, հատուկ միջոցնե՞ր է կիրառել, փորձել է գեթ մեկ փամփո՞ւշտ կրակել օդ. Ոչ, որևիցե բան չի անում, ոստիկանությունը կատարում է իր գործառույթները՝ փորձելով ապահովել քաղաքացիների մյուս իրավունքների իրականացումը»,- ասաց Վարդանյանը:

Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակում, պարտավոր է հարգել «Հավաքների ազատության մասին» օրենքը, պարտավոր է հարգել «Ոստիկանության մասին» օրենքը: Այսպիսով, պատգամավորը նիստերի դահլիճում ներկա Գլխավոր դատախազին հորդորեց ուշի ուշով ուսումնասիրել ցանկացած դեպք և դրան գնահատական տալ: Բայց միաժամանակ Ոստիկանությանը կոչ արեց պահպանել օրենքը:

Վարդանյանը նշեց՝ իր համար ցավալի էր, երբ ընդդիմությունը հեռացավ ԱԺ դահլիճից: «Նայում եմ Արցախի այս դրոշներին և ցավում. շատ խորհրդանշական եղավ, եկան դրոշները տեղադրեցին և լքեցին»:

Ապա նա հարց բարձրացրեց. «Ընտրություններն ավարտվել են անցյալ տարի հունիսին, դրանից հետո շատ ժամանակ է անցել, բան չի փոխվել, այդ ինչո՞ւ ապրիլի վերջին, մայիսին սկսեցիք քայլել. եղանակը տաքացավ, հարմա՞ր է: Այսինքն, եթե ցրտի, վերադառնալու են տաք տե՞ղ, հետո գարնանն էլի գնալո՞ւ են մասնակցեն ցույցերի»:

Ապա անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակում հավաքվող պաշտոնատար անձանց՝ հարցրեց՝ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ միասնականությունն ինչո՞ւ չէին ապահովում: «Սա ոչ այլ ինչ է, քան սեփական գույքը, սեփական անձը պաշտպանելու քայլ: Սա իշխանության գալու պայքար չէ, սա հինգերորդ շարասյան գործառույթ է: Այդ մարդիկ կատարում են հինգերորդ շարասյան գործառույթներ: Նրանց պետք չէ ոչ իշխանությունը, ոչ ԱԺ-ն, ոչ երկիրը, ոչ միջազգային հարաբերությունները, ոչ Արցախը: Նրանց պետք է կատարել «հինգերորդ շարասյան» գործառույթ, ինչը նրանց մոտ չի ստացվելու, որովհետև, հարգելի գործընկերներ, No pasarán, ձեզ մոտ չի ստացվելու, դուք չեք անցնելու»,- եզրափակեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]