Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը. ՀՀ վարչապետի ուղերձը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի 
անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը. ՀՀ վարչապետի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ուղերձում նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային արհավիրքի՝ ցեղասպանության: Օսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր երկրագնդի վրա դժվար կլինի գտնել մի այնպիսի վայր, որտեղ չի լինի ազգությամբ հայ: Անդառնալի կորուստներ կրեց հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը, ոչնչացվեցին հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր

Չնայած անմարդկային դաժանություններին՝ մեր ժողովուրդը վերջին հարյուրամյակում կարողացավ միասնականության, անմնացորդ աշխատանքի, հետևողական ջանքերի արդյունքում ուղղել մեջքը, պահպանել ինքնությունը, վերականգնել անկախ պետականությունը: Եվ սա մեր ժողովրդի կենսունակության ամենամեծ ապացույցը դարձավ:

Հարգելի հայրենակիցներ,

Պատմական փաստերի, ցեղասպանությունների և ոճրագործությունների հերքումը, խեղաթյուրումը, ճշմարտությանը չառերեսվելը, միջազգային հանրության թողտվությունը ծնում է նոր դաժանություններ և հանցագործություններ:  

Քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունն այս ուղղությամբ ունի բազմաթիվ անելիքներ՝ անկախ քաղաքական շահերից թույլ չտալու այլևս նման ոճրագործություններ, առաջին հերթին արժևորելով մարդկային կյանքը՝ անկախ ազգային պատկանելությունից: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին

Սիրելի հայրենակիցներ,

Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Եվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է: Այն մեզ համար առիթ է արձանագրելու, որ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինման ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ պիտի ունենա, պիտի կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից սեփական որոշումների տիրույթ տեղափոխել:

Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն է, իր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ, որոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներով: Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով:

Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ:

Միաժամանակ, այսօրվա մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն:

Համահայկական ներուժի, կարողությունների համախմբումը պետք է հետևողականորեն ուղղենք հենց այս նպատակին: Հայոց պետականությունը Մեծ Եղեռնի զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենատպավորիչ միջոցն է և պիտի դառնա հայ ժողովրդի ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշ և երաշխավոր: Հենց մեր այս կամքն է խորհրդանշում ապրիլքսանչորսյան ժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի խոստում է մեր նախնիներին և մեր սերունդներին: Այդ խոստումը պիտի կատարվի, այդ ուխտը պիտի ի կատար ածվի: Սրանում է Ապրիլի 24-ի ամենամեծ խորհուրդը»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]