Ընդդիմությունն ունի գործողությունների հստակ ծրագիր. Վարդևանյանը` փողոցային պայքարի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ընդդիմությունը փողոցային պայքարի մասով ունի հստակ գործողությունների ծրագիր, որը առաջիկայում կներկայացնեն:
«Խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները այդ իմաստով փոքր ինչ համբերեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդևանյանը:
Պատգամավորը կարևորեց ապակենտրոն գործողությունները և ցանցային պայքարը:
«Կարծում եմ, որ մեր հայրենակիցների այն խումբը, ովքեր ունեին վերապահումներ, հիասթափված էին, այդ իրավիճակից դուրս են գալու»,- նշեց Վանեցյանը:
Պատգամավորն ասաց, որ այս գործողությունները ունեն ժամկետներ, սակայն այլ փակագծեր չբացեց:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին ազդարարել էր ընդդիմության փողոցային պայքարի մեկնարկը, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը: Վանեցյանը գիշերել է Ազատության հրապարակում: Նա հայտարարել է, որ չի հեռանալու Ազատության հրապարակից՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ իրեն: