Քաղաքականություն

Սաղաթելյանը հայտնեց, թե Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ընդդիմությունն ինչ է պլանավորում անել

2 րոպեի ընթերցում

Սաղաթելյանը հայտնեց, թե Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ընդդիմությունն ինչ է պլանավորում անել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Արցախում և Հայաստանում հանդիպելու են ժողովրդի հետ, Արցախում՝ նաև քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ԱԺ նիստը բոյկոտելուն և Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր մեկնելուն:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը: Եվ այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր, նպատակահարմար չենք գտնում: Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել, և առաջիկա օրերին լինելու ենք Արցախում, Սյունիքում, այնուհետև Տավուշում և Գեղարքունիքում, այսինքն՝ Արցախում և Հայաստանի այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր: Ժողովրդի հետ հանդիպում, աշխատանք, անվտանգային հարցերի բարձրացում, Արցախում նաև, հավանաբար, տեղի կունենան խորհրդարանական լսումներ Արցախի թեմայով, կհանդիպենք Արցախի քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ միասին իրավիճակը քննարկելու համար»,-ասաց Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը հեռացել է այդ օրակարգից, իսկ իրենք գնում են այդ ճանապարհով: «Պետք է ամբողջ մեր հանրության ուշադրությունը սևեռենք Արցախի հիմնախնդրի վրա, սա Հայաստանի անվտանգությունն է և մեր գլխավոր հարցն այսօր»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով իշխանական պատգամավորների արձագանքին ընդդիմադիրների կողմից խորհրդարանի դահլիճում Արցախի դրոշը դնելու վերաբերյալ՝ Սաղաթելյանն ասաց, որ դա ձևական ակցիա չէ, շատ հստակ քաղաքական և ժողովրդական ուղերձ է և այլ երկրներին, և օրվա իշխանություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում