Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՀԿ գործող նախագահի ամենամեծ մտահոգությունը տարածաշրջանային անկայունությունն է. Զբիգնև Ռաու

ԵԱՀԿ գործող նախագահի ամենամեծ մտահոգությունը տարածաշրջանային 
անկայունությունն է. Զբիգնև Ռաու

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահը վերահաստատում է ԵԱՀԿ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Զբիգնև Ռաուն հայտարարեց Երևանում՝ ամփոփելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները:

«Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության վիճակը մնում է շատ փխրուն և անկայուն: Սա ամենակարևոր ուղերձներից մեկն էր հյուրընկալներին», - նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Ռաուի խոսքով՝ ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության դյուրացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Իրական երկխոսությունը, ըստ նրա, չափազանց կարևոր է կոնֆլիկտային լարվածության թուլացման և վստահության առաջխաղացման համար:

«Մենք վճռականորեն ենք դիմել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցություններում բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար: Մենք հուսով ենք, որ կարող է առաջընթաց արձանագրվել մասնավորապես հրատապ հումանիտար հարցերում՝ ինչպիսիք են մնացյալ գերիների ազատումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը, ինչպես նաև պատմական և մշակութային վայրերի պաշտպանությունը», - հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Բարձրաստիճան հյուրը խոսեց նաև ԵԱՀԿ-Հայաստան փոխգործակցության մասին՝ ընդգծելով, որ կազմակերպությունն ու Հայաստանը երկարաժամկետ համագործակցություն ունեն՝ հատկապես Հայաստանի բարեփոխումներին և Հայաստանի համագործակցության ծրագրին ԵԱՀԿ աջակցությամբ:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է ուժեղացնել իր ներգրավվածությունը Հայաստանում և նոր ծրագրեր մշակել նրա հետ անվտանգության երեք հարթություններում: Ընդլայնված տարածաշրջանում զարգացող իրավիճակը պահանջում է ակտիվորեն անդրադառնալ երկկողմ և տարածաշրջանային նախաձեռնություններին: Սույնով ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ տարածաշրջանում ամուր կայունության և հաշտեցման հաստատմանն ուղղված տևական ջանքերի և ներգրավվածության համար», - հավելեց Զբիգնև Ռաուն:

Մինչ այդ տարածաշրջանային հիմնախնդիրների ամբողջ համալիրի մասին խոսել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանի համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Երևանը ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում:

2022 թ. ապրիլի 1-ին մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ ՀՀ ԱԳՆ-ում նրան դիմավորել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Արտգործնախարարությունում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, դրան հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո Հայաստանի արտգործնախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը հանդես են եկել հայտարարություններով:

Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]